Երեկ Կատալոնիայում տեղի ունեցած դեպքերից հայ հանրությունը կարծես թե ուշքի չի եկել, որովհետև պարզ է՝ երբ սեփական երկրում չունես քաղաքական օրակարգ, երբ ներկապնակի գույները վաղուց թոշնել են, պետք է հետաքրքրությունը հագեցնել ուրիշ երկրներում տեղի ունեցող իրադարձություններով։ Այսօր Կատալոնիան է, վաղը կարող է, ասենք, Սարդինիան որոշել անկախանալ Իտալիայից, և այսպես շարունակ։ Շատ հաճախ Բարսելոնում տեղի ունեցող իրադարձությունները համեմատում են ԼՂՀ խնդրի հետ՝ մոռանալով, որ կատալոնական ճգնաժամը միակը չէ Իսպանիայում։ Կատալոնիան, ի տարբերութուն ԼՂՀ-ի, բոլոր առումներով օգտվում էր իսպանական սահմանադրությամբ տրվող լիարժեք իրավունքներից, պարզապես այնտեղ անկախ լինելու գաղափարը եղել է դեռ նախորդ դարի սկզբներից։ Կատալոնիան սկզբում ինքնավար կարգավիճակ ուներ, իսկ հետո արդեն անկախանալու գաղափարը այս երկրամասում դարձավ ավելի ակտուալ։ Սակայն ինչո՞ւ հենց հիմա, ու ինչո՞ւ իսպանական ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց հանրաքվեի գնացած քաղաքացիների հանդեպ։ Խնդիրն այն է, որ Իսպանիայում միայն Կատալոնիայում չէ, որ անկախական տրամադրություններ են տիրում։ Պամպլոնայում, Անդալուզիայում, Բասկոնիայում նույնպես սեպարատիստական տրամադրություններ կան, դրանք ակնհայտ զգացվում են ոչ միայն կենցաղային մակարդակում, այլև սպորտային։ Օրինակ՝ նույն Կատալոնիայում տեղի հանրահայտ Բարսելոնա ակումբի տնային խաղերի ժամանակ «Նոու կամպ» մարզադաշտում մշտապես կարելի տեսնել «Catalonia is not Spain» ցուցապաստառը, ինչը հստակ բնութագրում է այնտեղ տիրող տրամադրությունները։ Նույնը Մադրիդի թիմերի դեպքում է։ Ուշադիր լինելու դեպքում կարող եք նկատել, թե ինչպես են այդ երկրամասերում ընդունում Մադրիդի ներկայացուցիչներին։ Մի խոսքով՝ հետաքրքիր զարգացումներ են սպասվում, սակայն կարծում ենք՝ ամենակարևոր պահը բանակցություններ սկսելն է, որովհետև սա կարող է հիմք դառնալ Իսպանիայի մասնատման համար, իսկ դրանից կտուժեն միայն ու միայն այդ երկրի քաղաքացիները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: