Կատալոնիայում ամփոփվեցին անկախության հանրաքվեի տվյալները, ուր մասնակիցների ճնշող մեծամասնությունն անկախությանն ասել էր «այո»: Մի քանի շաբաթ առաջ իրաքյան Քրդստանում էր անկախության հանրաքվեն նմանօրինակ արդյունք արձանագրել: Վաղը նման հարաքվե կարող է անցկացվել Բասկերի երկրում, Դոնբաս-Լուգանսկում, այլուր: Ղրիմում նմանօրինակ հանրաքվե արդեն անցկացվել է, որտեղի «անկախության» բառի տակ բնակիչները «այո» են ասել ՌԴ-ին միանալուն:
Ասում են՝ Եվրոպայում մոտ 80 էթնոքաղաքական/մշակութային միավոր կա, որոնք այս կամ այն կերպ դեմ չեն անկախության հնարավոր հանրաքվեներում «այո» ասելուն:
Եթե այս ամենը տեղի ունենար զարգացող երկրներում, ապա շատ դեպքերում մինչև հանրաքվեն կլինեին ռազմական, պատժիչ գործողություններ՝ անգամ ցեղասպանության դրսևորումներով: Դեպքերի մի մասում խնդիրը միգուցե «լուծվեր» մարտի դաշտում, մյուս դեպքերում՝ երրորդ կողմերի/միջ. հանրության մասնակցությամբ: Իհարկե, կլինեին դեպքեր, երբ խնդիրը, բնականաբար, չէր լուծվի, կսառեցվեր:
Դեմոկրատիան ենթադրում է ազգերի ու քաղաքացիների ազատ կամարտահայտություն, այդ թվում՝ սեփական քաղաքական ապագայի ու ինքնորոշման իրավունքի իրացման առումով: Չկա հստակ սահման, թե դա երբ է հիմնավոր, երբ՝ անհիմն:
Հիմա կատալոնացիք օգտվում են իրենց այդ իրավունքից: Իսպանական կենտրոնական իշխանությունն էլ լեգիտիմ-լեգալ ուժ է կիրառում, ծեծում են քաղաքացիներին՝ խոչընդոտելով այդ իրավունքի իրացմանը՝ փաստացիորեն ապահովելով իրենց երկրի տարածքային ու իշխանության ամբողջականությունը:
Ո՞վ է ճիշտ... Հավանաբար, երկուսն էլ:
Երկուսի մոտեցումներն էլ ինչպես որդեգրած սկզբունքի, այնպես էլ իրավունք-օրենքի առումով հիմնավոր են: Այստեղ, հավանաբար, պետք է ուշադրություն դարձնել կողմերի երկրորդային հարցադրումներին:
Ե՞րբ ազգը, որը որևէ կարգի բռնության և ուծացման չի ենթարկվում, կարող է կազմակերպել ու անցկացնել անկախության հանրաքվե և անջատվել իր «մայր» պետությունից: Ո՞ր դեպքում «մայր» պետությունը կարող է լեգիտիմ համարել այդ քայլը, որ դեպքում՝ ոչ:
Հարցադրումների պատասխանները միանշանակ չեն և՝ որպես վերջարդյունք հանգեցվելու են դեմոկրատական իրավունքների սկզբունքին, այսինքն՝ ոչ մի տեղ:
Մյուս կողմից, եթե աշխարհում և Եվրոպայում բոլոր փոքր միավորները որոշեն ինքնորոշվել, ի՞նչ իրավիճակ կունենանք:
Պարզ է, որ նրանց մեծամասնության պարագայում կան ինչ-որ առանձնահատուկ պատմական, մշակութային, քաղաքական, միգուցե տնտեսական հանգամանքներ, որոնք, ըստ այդ երկրների, առավել (պակաս) լեգիտիմ են դարձնում նրանց ինքնորոշման իրավունքի իրացման քայլերը: Փաստ է, որ ընդհանուր միտումը կարող է վտանգավոր լինել մի կողմից՝ դեմոկրատական սկզբունքների, եվրոպական առաջատար երկրների, անգամ դաշինքների, մյուս կողմից՝ արդեն քաղաքական-իրավական ու ռազմական ուղի անցած որոշ հակամարտությունների լուծման հեռանկարի համար, ինչպիսին ԼՂ կոնֆլիկտն է:
Երբ «ինքնորոշման» վտանգը կդառնա ընդհանուր, աշխարհի «մեծերը» դրա դեմ ժողով կանեն ու քաղաքական որոշում կընդունեն՝ հիմնավորելով այն ռազմական ու տնտեսական միջոցներով: Այդ պարագայում ԼՂ խնդիրն իր վրա ուղղակիորեն կզգա ինքնորոշման իրավունքի իրացման հնարավոր զանգվածային դրսևորումների խիստ բացասական անդրադարձը, որը, փաստորեն, նաև կարող է ընդունելի դարձնել նաև «մայր» պետություններից ռազմական սցենարներ կիրառելու լեգիտիմությունը: