Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ռուսական «Ինգոստրախ» ապահովագրական ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Վոլկովին: Զրուցակիցները քննարկել են ապահովագրական շուկայում տեղի ունեցող զարգացումներին առնչվող հարցեր:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Միխայիլ Վոլկովը գոհունակություն է հայտնել մեր երկրում «Ինգոստրախ»-ի դուստր ընկերության գործունեությունից և նշել, որ ապահովագրական ոլորտում Հայաստանում առկա է զարգացման մեծ ներուժ, շուկան լավագույնս կազմավորված է:
Կարեն Կարապետյանը շնորհավորել է Միխայիլ Վոլկովին՝ «Ինգոստրախ»-ի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու 20-ամյակի կապակցությամբ, նշել, որ կառավարությունը նախատեսում է առողջապահության ոլորտում անցնել պարտադիր ապահովագրության համակարգի և առաջարկել ներգրավվել այդ գործընթացում: Վարչապետը կոչ է արել դիտարկել նաև այլ բնագավառներում ապահովագրական ծառայությունների մատուցման հնարավորությունը՝ ընդգծելով, որ կառավարությունը պատրաստ է քննարկել տարբեր առաջարկություններ: