Վազգեն Խաչիկյանին և Սոցիալական ապահովության պետական ծառայության մի շարք աշխատակիցների մեղադրանք էր առաջադրվել առ այն, որ վերջիններս 2006-2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների թոշակները։ Սա, ի դեպ, տեղի էր ունեցել առանց Սերժ Սարգսյանի իմացության, ով և հետագայում որոշել էր Խաչիկյանին պատժել։ Սակայն հետաքրքիր է, որ Խաչիկյանը համաներմամբ է դուրս եկել, իրեն մեղավոր ճանաչել։ Եթե կհիշեք 2008-ից 2011 թվականներին, երբ ՀԱԿ-ի համակիրները բանտում էին, նմանատիպ մի գործընթաց սկսվեց. Սերժ Սարգսյանը համապետական համաներում հայտարարեց ու դրա արդյունքում կոնգրեսականներից շատերը դուրս եկան բանտից, սակայն, բնականաբար, ներում չէին հայցում իշխանություններից։ Դա այն փուլն էր, որ ՀԱԿ-ը իշխանության հետ սկսել էր երկխոսություն, ու դրա արդյունքում բանտարկված մարդիկ դուրս եկան բանտերից։ Խաչիկյանի պարագայում իրավիճակը փոքր-ինչ այլ է, որովհետև Խաչիկյանը նախ մինչ ձերբակալվելը ՀՀԿ շրջանակներում բավականին ազդեցիկ դեմք էր, հետևաբար նրա ազատ արձակումը կապվում է նախևառաջ կուսակցության հին գվարդիականների հետ նախկինում ունեցած ջերմ հարաբերություններով, որոնք այս ամբողջ ժամանակաշրջանում երես չեն թեքել նրանից ու, ի վերջո, միգուցե համոզել են նախագահին ազատ արձակել նրան։ Ինչևէ, հետաքրքիր է, թե սրանից հետո ինչով է զբաղվելու Խաչիկյանը։ Քաղաքական գործունեություն ծավալելու համար նա բավականին խոցելի է, ուստի, ամենայն հավանականությամբ, վերջինս պարզապես կզբաղվի մի «անշառ» գործով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել