Երեկ չէ առաջին օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անց է կացրել անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ու տեղեկատվական անվտանգության թեմաներ։ Հաշվի առնելով այս նիստն ու, առհասարակ, անվտանգության խորհրդի նիստերի դինամիկան՝ կարելի է եզրակացնել, որ մոտ ապագայում դրանք հաճախակի են դառնալու։ Իսկ եթե դիտարկում ենք այդ երևույթը 2018 թվականի պառլամենտական ընտրությունների համատեքստում, ապա պատկերն ամբողջական է դառնում։ Անվտանգության խորհուրդն իրապես այն հարթակն է, որտեղ Սերժ Սարգսյանն իրեն կզգա, ինչպես ձուկը ջրում։ Հենց ուժային կառույցներում աշխատանքն է նրա համար ճանապարհ հարթել դեպի այն պաշտոն, որը հիմա նա ունի, սակայն չպետք է նաև մոռանալ մեկ այլ շատ կարևոր հանգամանք։ Սարգսյանը չի սիրում հանրային կերպար լինել, նա ավելի շատ նախընտրում է գործել ստվերից։ Սա բնավորության գիծ է։ Քաղաքական շատ գործիչներ հաճախ փառքի ազդեցության տակ կորցնում են ադեկվատությունը, հենց այդ փառասիրությունն էլ վերջում դառնում է նրանց քաղաքական գերեզմանափորը։ Այս պարագայում գործող նախագահը նման բարդույթ չունի, ու թեպետ 2018 թվականից հետո իշխանությունն ամբողջովին վերահսկել դժվար կլինի` հաշվի առնելով, որ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ առանձնապես աչքի չի ընկնում պասիվությամբ ու ամբիցիաների պակասով, սակայն կարծում ենք` Սարգսյանին կհաջողվի իր վերահսկողության տակ պահել ուժային կառույցներն ու այդպիսով որոշիչ ազդեցություն ունենալ իշխանության բաշխման մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: