Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ լիահույս է, որ նոյեմբերի 25-ին Բրյուսելում Հայաստանի համար իրադարձությունները քաղաքական առումով հաջող կդասավորվեն։ Նախևառաջ՝ նկատի ունի, իհարկե, շրջանակային համաձայնագիրը, որը նախատեսվում է ստորագրել Արևելյան գործընկերության շրջանակներում։ Սվիտալսկին նաև հայտարարել է, որ Եվրամիությունը չի հանդուրժի, որ այս տարածաշրջանը (նկատի ունի Հարավային Կովկասը) դառնա բացառիկ ազդեցության գոտի։ Հայաստանի մասով, իհարկե, նկատի ունի 2013 թվականի հայտնի «մեկ գիշերվա մեջ կայացրած» որոշումը՝ ԵԱՏՄ կազմի մեջ մտնելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ դրանից առաջ Հայաստանը մոտավորապես 4 տարի բանակցում էր Եվրոպայի հետ ասոցացման պայմանագիր ստորագրելու շուրջ։ Սվիտալսկին, ամենայն հավանականությամբ, ուզում է ասել հետևյալը. մենք հասկանում ենք Հայաստանի խնդիրները, հասկանում ենք, որ այս կամ այն հարցով, իսկ գլխավորապես՝ սեփական պաշտպանությունը կազմակերպելու հարցում կաշկանդված է Ռուսաստանով, սակայն դա ամենևին չի նշանակում, որ պետք է Հայաստանը լիովին զիջենք Ռուսաստանին։ Ահա հենց դա է երևի ամենագլխավոր պատճառը, որ Եվրամիությունն ամեն ինչ անում է Հայաստանում իր ազդեցությունը պահպանելու համար, ու շրջանակային համաձայնագիրը հենց դրա համար է։ Այս անգամ, սակայն, չենք կարծում, որ ինչ-որ խնդիրներ կառաջանան, որովհետև դրա մասին նախ՝ խոսում են Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ և հետո՝ այս համաձայնագիրը ոչ մի կերպ ասոցացում չես համարի։ Սա, թերևս, բավարարում է բոլոր կողմերին։ Ռուսաստանը գիտակցոում է, որ չի կարող տոտալ վերահսկողության տակ պահել Հայաստանը, մանավանդ ապրիլյան պատերազմից հետո, Հայաստանը հասկանում է, որ ամբողջովին չի կարող պոկվել Ռուսաստանից ու սկսել Եվրամիության անդամ դառնալու գործընթաց, դե իսկ Արևմուտքը հասկանում է, որ Հայաստանը կաշկանդված է Ռուսաստանով, մանավանդ այն պարագայում, որ չի կարող ապահովել այն անվտանգությունը, որը կսպառնա Հայաստանին, ասենք, այն ժամանակ, եթե ռուսական ռազմաբազաները դուրս բերվեն Հայաստանից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել