Մամուլում սկսել են տեղեկություններ պտտվել, ըստ որոնց՝ Կարեն Կարապետյանն ամենայն լրջությամբ պատրաստվում է պայքարել իշխանության ամենաբարձր պաշտոնների համար, ու դրա համար յուր կողմնակիցները ջանք ու եռանդ չեն խնայում։ Սրա վերաբերյալ միայն կողմնակի խոսակցությունները չեն, որ հիմք են ծառայում։ Տեսեք, հայ հասարակությունն ու հատկապես քաղաքական շրջանակները՝ ներառյալ ընդդիմությունը, իրենց լեքսիկոնում ու պահելաձևի մեջ վաղուց ցույց են տալիս, որ համակերպվել են Սերժ Սարգսյանի, այսպես կոչված, այլընտրանքի անբեկանելիության հետ։ Քաղաքական իրավիճակն էլ կարծես թե դրան է տրամադրում, այնպես որ, պիտի որ վիճահարույց ոչինչ չլիներ։ Սակայն վարչապետն իր հրապարակային հարցազրույցներում, տողատակերում կարծես թե հասկացնում է, որ ոչ միայն չի պատրաստվում ստանձնել ժամանակավոր վարչապետի պաշտոնը, այլև 2018 թվականից հետո հանձն է առնելու նաև երկրի կառավարման ամբողջական լծակները։ Հանրապետականների կարկառուն ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ Սերժ Սարգսյանը պետք է և պարտավոր է զբաղեցնել վարչապետի պաշտոնը՝ հակառակ իր այն հայտարարության, որ երկրի ղեկավարը երկու անգամից ավել չպետք է ղեկավարի պետությունը։ Եվ սա Կարապետյանի թիմակցիներն, ամենայն հավանականությամբ, կսկսեն օգտագործել Սարգսյանի դեմ 2018 ապրիլին ընդառաջ։ Շատ բան կախված է նաև քաղաքական կուսակցությունների դիրքորոշումից։ Հանրապետակաների ներսում առայժմ Կարապետյանը թե՛ դիրքային, թե՛ ազդեցության առումով զիջում է Սարգսյանին, սակայն կուսակցության մոդիֆիկացիան այլևս այլընտրանք չունի, որովհետև հին գվարդիան իրեն ոչ միայն քաղաքականապես է սպառել, այլ՝ ֆիզիկապես։ Հետևաբար, այս տրանսֆորմացիոն շրջանում նաև պայքար է գնալու երիտասարդ կազմին գրավելու համար։ Կարապետյանն, ի տարբերություն Սարգսյանի, երիտասարդ է, ավելի մարդամոտ ու պալատական ինտրիգների մեջ ոչ այնքան շատ շաղախված։ Սակայն սա հենց այն է, ինչ պետք է իշխանության տոտալ վերահսկման համար, իսկ ահա այստեղ Սարգսյանը հավասարը չունի։ Էլիտան արդեն «մուտիլովկեքի» սովոր է, առանց դրա, մեծ հաշվով, իշխանական միջանցքներում չեն պատկերացնում Հայաստանի քաղաքականությունը։ Մնաց՝ հասկանանք՝ Կարապետյանը կմտնի այս մութ ու խրթին քաղաքական «բազարների մեջ», թե ամեն դեպքում կնախընտրի մի քիչ էլ սպասել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: