Լավատեղյակ աղբյուրներից տեղեկանում ենք, որ «Ելք» դաշինքում այնքան էլ համամիտ չեն եղել ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշման հետ, և ավելին՝ մեկ կուսակցություն ստեղծելու գաղափարը գնալով հօդս է ցնդում։ Համենայն դեպս, դաշինքը վաղուց ձևավորվել է, խոսվում էր հետագայում այն կուսակցության վերածելու մասին, որպեսզի չարժանանա մյուս դաշինքների ճակատագրին, ասել է թե՝ չփլուզվի՝ դեռ Պառլամենտ չմտած, սակայն, ամենայն հավանականությամբ, դա տեղի չի ունենա, որովհետև դաշինքի անդամներից երկուսը չեն ուզում, որ իրենց կուսակցությունը դառնա այլ կուսակցության մաս։ Խոսքը հենց Արամ Սարգսյանի ու Էդմոն Մարուքյանի մասին է, իսկ Նիկոլ Փաշինյանը, ինչպես տեսնում ենք, այնքան էլ դեմ չէ նոր կուսակցություն ստեղծելուն։ Եվ դա բավական տրամաբանական է։ Նախ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» երեք կուսակցություններից միակն է, որն ավելի արգրեսիվ հռետորաբանություն էր որդեգրել մասնավորապես Վանաձորի քաղաքապետի ընտրություններում։ Նրա պայքարը կարծես թե այնքան գործող իշխանության դեմ չէր, ինչքան «Լուսավոր Հայաստանի»։ Փաշինյանը դա որակեց որպես հետագա համագործակցության համար արված քայլ, որն, իհարկե, հանրության հետ շփման լավագույն, անկեղծ ձևաչափը չէր, ինչպես որ հաճախ սիրում է կրկնել Փաշինյանը։ Այսինքն՝ ինքն առավել քան շահագրգռված է նոր կուսակցության ստեղծմամբ ու, ինչքան հնարավոր է, հին անունից ազատվելով։ Ժամանակին այդպես վարվեց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ՀՀՇ-ն փոխարինելով ՀԱԿ-ով։ Այդ դեպքում ևս խնդիր էր դրված վարկաբեկված կուսակցությունը մոդիֆիկացնելու։ Այս հարցում Փաշինյանը նույնիսկ իրեն ոչ հատուկ զիջման է գնացել ու համաձայնվել ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշմանը, որի մասին «Ելք»-ը նախագիծ է ներկայացրել ԱԺ-ում։ Նա երբեք հակառուսական տրամադրությամբ հանդես չի եկել և, առհասարակ, արտաքին քաղաքականությունը Փաշինյանին շատ չէր հետաքրքրում։ Բայց ահա այս պարագայում «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդը կարծես թե ջանք չի խնայում նոր կուսակցություն ստեղծելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: