Քաղաքական աշնան առաջին ամիսը մոտենում է ավարտին, բայց, փաստացի, ուժերի մեծ մասը դեռ դուրս չեն եկել ամառային քնից: Ճիշտ է, այս շարքին չենք կարող դասել Զարուհի Փոստանջյանին և նրա կուսակցությանը, բայց նրանց ակտիվությունն էլ, լայն հաշվով, դեռ ոչ մի հույս չի ներշնչում:

Երեկ՝ ՀՀ անկախության օրը, Փոստանջյանը հանդես էր եկել հայտարարությամբ և նշել. «Անհրաժեշտ է ձեւավորել անդրսահմանային հայ ազգի քաղաքական կառույցների ցանց եւ հայկական պետականության ներքո եւ աշխարհի հայաշատ քաղաքներում մշակել եւ ընդունել համազգային զարգացման ծրագիր, ընտրել պատվիրակներ՝ հայ ազգի երկու հատվածներից՝ գլոբալ հայկական համազգային համաժողով հրավիրելու համար»: Զարուհին նաև առաջարկում է ձևավորել նոր քաղաքական վերնախավ, որը հնարավորություն ունի պատասխանելու բոլոր այն մարտահրավերներին, որը մեր առջև կա` հայտարարելով, որ այս տարի համահայկական ընդվզման օր են հայտարարելու, ՀՀ-ի և Արցախի բոլոր քաղաքացիներին էլ ներգրավելու են այս գործընթացում:

Այստեղ նախ՝ հարց է առաջանում, թե ինչ համահայկական ցանցի մասին է խոսում Զարուհին, եթե նա իր կուսակցությունով անգամ Երևանում ցանց չի կարողանում կառուցել, եթե անգամ մի խմբակցություն չի կարոողանում նորմալ կառավարել: Երկրորդ՝ ի՞նչ օր նշանակելու ու Հայաստանի և Արցախի ժողովրդին ներգրավվելու մասին է խոսքը. թերևս Զարուհուն այստեղ հիշեցնենք իր քվեների քանակը վերջին ընտրություններում և այսքանով փակենք թեման:

Ինչ վերաբերում է քաղաքական նոր վերնախավ ձևավորելու մասին հայտարարությանը, ապա նկատենք, որ, բացի գործողներին անվստահություն հայտնելու ցանկությունից, պետք է լինի քաղաքական ծրագիր, պատասխանատվության զգացում և, որ ամենակարևորն է, ժողովրդի վստահություն, ինչը Զարուհին, մեղմ ասած, չի վայելում։ Բոլորն են հիշում, որ ապրիլի ընտրություններից հետո նա ասում էր, որ մանդատ վայր դնելն իսկական ընդդիմադիրին վայել քայլ է և հորդորում էր ԵԼՔ-ին վայր դնել մանդատները, իսկ այսօր ինքը պատվով կրում է ավագանու մանդատը: Այստեղ նաև հարցական է, թե որ ուժը ցանկություն կհայտնի միավորվել Զարուհու հետ մի քաղաքական տանիքի տակ։

Հ․Գ Այնքան են անլրջացրել չափազանց կարևոր քաղաքական իրադարձությունները, որ արդեն անհասկանալի է դառնում, թե ում օգտին են աշխատում որոշ ընդդիմադիրներ: Օրինակ, եթե Փոստանջյանը ինչ-որ կոչ է անում, պետք է նախ սթափ գլխով հասկանա, թե ինչպիսի ռեսուրս ունի, քանի որ իր ներկայիս ռեսուրսներով նման լուրջ նախաձեռնություններից խոսելը միայն արժեզրկում է իրեն ու իր կուսակցությանը։ Նրա խոսքերում թերևս նորություն չկա։ Տարիներ ի վեր տարբեր ուժեր մի քիչ փոփոխված տեքստերով նշում են նույն բանը, բայց ոչ մեկ չի կարողանում իրագործել ու բացատրել՝ դրա կարևորությունն ինչում է կայանում։ Այլ կերպ ասած՝ բացի ընդդիմադիր բևեռի քայքայումից՝ ուրիշ ոչ մի արդյունք չենք ունեցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել