Panorama.am-ը գրում է․

«Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գրքի առաջին էջում իսկ երևում է, որ ըստ ՀՀ ոստիկանության, ինքը 2008-ին լքել է Հայաստանը։ Բայց եթե այդպես է, ապա նա 2012 թվականին չէր կարող մասնակցել ՀՀ ԱԺ ընտրություններին։ Այսինքն՝ ՀՀ ոստիկանությունը պարտավոր էր նրան չտրամադրել ՀՀ-ում բնակվելու 5 տարվա ցենզը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երկիրն ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։

Նրա խոսքով, եթե ՀՀ ոստիկանությունը նման հայտարարություն էր տարածել, ապա հարց է առաջանում՝ ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը կարողացել ստանալ ՀՀ-ում վերջին 5 տարիներին բնակվելու մասին թուղթ, և ինչպե՞ս է ԿԸՀ-ն նրան գրանցել՝ որպես թեկնածու։

«Այսինքն՝ այդտեղ կա ՀՀ ոստիկանության և այդ ժամանակվա գործադիր իշխանության գործոնը, որ նա կարողացել է մասնակցել ընտրություններին։ Կամ էլ Նիկոլ Փաշինյանի կողմից կեղծիք է եղել։ Օրինակ, այդ նույն ժամանակահատվածում նաև Խաչատուր Սուքիասյանն էր Հայաստանից բացակայել, և նրան չտրամադրվեց այդ տեղեկանքը, իսկ Նիկոլ Փաշինյանին տրամադրեցին։ Ո՞վ տրամադրեց, ո՞վ էր նրա հովանավորը։ Եվ ո՞վ եղավ  հովանավոր, որ նա 7 տարվա փոխարեն բանտարկված մնաց 3.5 տարի։ Նա օրենքով չի դուրս եկել բանտից, այլ ազատ է արձակվել ինչ-որ մեկի հրամանով»,- հարց բարձրացրեց Զարուհի Փոստանջյանը։

Այսինքն՝ ըստ քաղաքական գործչի, Նիկոլ Փաշինյանին հանել են բանտախցից և կոնկրետ մեկի ցանկությամբ դարձրել են պատգամավոր, հետագայում՝ արդեն վարչապետ։ Նա վստահ է, որ այդ ժամանակ ՀՀ-ն բռնապետություն էր, և առանց երկրի ղեկավարի իմացության և թույլտվության Նիկոլ Փաշինյանը չէր կարող թաքնվել։

«Նիկոլ Փաշինյանը շատ էր բղավում, որ նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկանք չի ունեցել՝ ՀՀ-ում բնակվելու վերաբերյալ, այո՛, չի ունեցել, բայց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը նույնպես չի ունեցել։ Նրանք երկուսն էլ նույն փաթեթով բերված ղեկավարներ են»,- ներկայացրեց Զարուհի Փոստանջյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել