Tert.am-ը գրում է.

Բնական կլինե՞ր, եթե իշխող և մինչև 2022 թվականը կառավարություն ձևավորելու իրավունք ունեցող քաղաքական ուժի՝ ՀՀԿ Գործադիր մարմնի ներկայացուցիչ, ՀՀ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը չփափագեր 2018-ից հետո պաշտոն ունենալ:

Tert.am –ի հետ զրույցում նման հարցադրում արեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ առաջարկելով սենսացիաներ չփնտրել վարչապետի երեկվա խոսքերում:

Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ՝ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ընթացքում 2 ուշագրավ հայտարարություն էր արել, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների ու վերլուծություների տեղիք են տվել: Կարեն Կարապետյանը, պատասխանելով համաժողովին մասնակցող սփյուռքահայի հարցին՝ «կփափագի՞» մնալ պաշտոններում (նկատի ուներ վարչապետի պաշտոնը) միանշանակ և կարճ ասել է՝ «այո», իսկ մեկ այլ առիթով էլ ընդգծված  հայտարարել է, որ 2018-ի աշնանը Հայաստան-Սփյուռք ներդրումային-տնտեսական համաժողով է անցկացվելու՝ շրջանցելով այն ուշագրավ հանգամանքը, որ մինչև 2018-ի աշունը լինելու է 2018-ի ապրիլ, երբ Սահմանադրության պահանջով՝ կառավարությունը նորից ցրվելու է և ԱԺ-ի կողմից վարչապետ է նշանակվելու:

Էդուարդ Շարմազանովը, ի պատասխան, առաջարկում է մութ սենյակում սև կատու չփնտրել:

Ի պատասխան դիտարկման՝ սրանով, փաստորեն, Կարեն Կարապետյանն ասաց, որ կլինի վարչապետ, Շարմազանովը նկատեց. «Ներողություն, ով է ասել, որ չի լինի. ինչ կարգավիճակում կլինի, ոնց կլինի, որտեղ կլինի՝ կքննարկվի Հայաստանի Հանրապետական կուսակցությունում՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Բայց այսօր ՀՀԿ օրակարագում 2018 թ. կառավարության ձևավորման որևէ հարց առկա չէ:  Ավելին՝ կառավարության ձևավորման վերաբերյալ որևէ ակնարկ չի եղել: 2018 թվականին մենք մեր առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կքննարկենք այդ հարցը, և նոր կառավարության ձևավորման կարգն ու կադրային ողջ բազան կներկայացվի հանրությանը: Մենք ունենք կուսակցությունում 1 առաջնորդ՝ Սերժ Սարգսյանը, երբ կգա ժամանակը՝ կներկայացնենք, և այս կառավարության լավագույն ներկայացուցիչներին կներկայացնենք ձեր դատին: Այնպես որ, խնդրում եմ սենսացիաներ չփնտրել, 2018 թվականը կգա, բարին՝ հետը: Հանրապետականում միասնություն է, միաբանություն է, անշնորհակալ գործ է ՀՀԿ-ում փնտրել տարբեր հոսանքներ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել