Ասածս թող ոչ մի կերպ չընկալվի որպես սելեկտիվ երևույթ, սակայն իմ համոզմամբ՝ առհասարակ, երբ Հայաաստան այս կամ այն չափով նշանակալից հյուրեր են գալիս, որոնք կամ առնչվում են Հայաստանի հետ կամ նշանավոր հայ են, պետք է հանդիպեն համալսարաններում գոնե կրթական որոշակի ցենզ ունեցող մարդկանց հետ․ խոսքն ուսանողների մասին է։ Չի կարելի, ասենք, «Արարատը ե՞րբ մերը կդառնա» հարցադրումներ անող ուսանողին թողնել դահլիճ, որովհետև կողքից այդ ամենը ոչ միայն տգեղ է նայվում, այլև անհարմար վիճակում է հայտնվում հենց այն մարդը, ով հյուրընկալվել է։ Խոսքը, երևի թե հասկացաք, Կարո Փայլանի մասին է։ Եվ սա առաջին դեպքը չէ, երբ ԵՊՀ-ի ուսանողները հյուրերին անբովանդակ ու տափակ հարցեր են տալիս։ Հիշում եմ, մի անգամ Հայաստան էր եկել նշանավոր մի գիտնական, ով ազգությամբ ռուս էր ու խոսում էր հայ-ռուսական հարաբերություններից, մի դեռահաս գեղեցկուհի կանգնեց և այդ մարդուն ասաց բառացիորեն հետևյալը. «Ախր դուք չգիտեք՝ ինչ գեղեցիկ է Հայաստանը։ Եթե իմանայիք, դուք ավելի շատ կսիրեիք Հայաստանը, քան Ռուսաստանը»։ Գիտնականն, անշուշտ, քթի տակ ծիծաղեց, ծիծաղեց նաև դահլիճը, իսկ մարդիկ կային (օրինակ` ես), որ կարմրեցին նման երևույթների պատճառով։ Պաթոսը մի օր կքանդի մեր տունը, և սրա դեմն ինչքան շուտ առնենք, այնքան լավ։ Այնպես որ, լուրջ աշխատանք կա այսպիսի հանդիպումների կազմակերպման դեպքում։ Դասախոսական անձնակազմը պետք է հանդիպումների տանի այնպիսի ուսանողների, ովքեր կոնկրետ այդ դեպքում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ որոշակի տեղեկություններ ու տարրական գիտելիքներ ունի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: