Վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ դեռևս ՀՀԿ-ում տեղեկություն չկա այն մասին, թե Հայաստանում ով է լինելու վարչապետ 2018 թվականից հետո։ Շատերին կարող է թվալ, թե Կարապետյանը հերթական անգամ լղոզում է ասելիքն ու չի նշում հստակ, թե ինչով է զբաղվելու 2018 թվականին, ինչպես դա անում են մնացած ՀՀԿ-ականները։ Այսինքն՝ այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը, բնավորության համաձայն, հետաձգում է այդ հարցի լուծումը մինչև ապրիլ, որպեսզի վերջին պահին որոշում ընդունի ու ընդունի այն առանց բեկանման։ Այստեղ երկու հանգամանք կա. նախ՝ չի բացառվում, որ ՀՀԿ-ականներն իսկապես տեղյակ չեն, թե ով է լինելու վարչապետ, որովհետև, ըստ էության, ամեն կերպ փորձ է արվում խուսափել դրանից վերևում նշված պայմանով, կամ էլ վախենում են նշել՝ զգուշանալով անձամբ Սարգսյանից։ Սակայն Կարեն Կարապետյանն այսօր նշեց, որ դեմ չէ լինել կառավարության ղեկին նաև 2018 թվականին, ավելին՝ ինքն իրեն տեսնում է այդ պաշտոնում ու այստեղ արդեն չի նշում սովորական դարձած հայտնի ֆրազը՝ «Ոնց կուսակցությունը կորոշի, այնպես էլ կանենք», մի բան, որ նախկինում չէին հանդգնում ասել մնացած վարչապետերը, նույնիսկ քաղաքական ամենամեծ հավակնություններ ունեցող Հովիկ Աբրահմյանը, բոլորը սպասում էին կա՛մ նախագահի, կա՛մ կուսակցության որոշմանը, որը, մեծ հաշվով, նույն բանն էր։ Հետևաբար այս պարագայում Կարապետյանը որոշակի նախաձեռնություն է վերցրել իր ձեռքը, ինչը սեփական կշռի արտահայտման համար շատ կարևոր է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: