Սեպտեմբերի 13-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իսրայելի խորհրդարանական պատվիրակությանը՝ Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան - Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի և փոխխոսնակ Յոել Խասսոնի գլխավորությամբ։ 

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։ 

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ Իսրայելի հետ բարեկամության խմբի նախագահ Գագիկ Մինասյանը և «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ Հայկ Քոթանջյանը: 

Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում նկատվում է երկկողմ փոխայցելությունների ակտիվացում, ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների կողմից՝ համոզմունք հայտնելով, որ պարեբական շփումները նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` իսրայելցի խորհրդարանականները նշել են, որ իրենց եռօրյա այցի ծրագիրը բավականին հագեցած է, ինչը հնարավորություն է ընձեռում տարբեր մակարդակներով քննարկել համոգործակցության խորացման հարցեր։

Արտգործնախարարը կարևորել է Հայաստանի և Իսրայելի միջև միջխորհրդարանական ձևաչափով համագործակցությունը՝ ընդգծելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը հայ-իսրայելական հարաբերությունների ամրապնդման գործում:

Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշել է նաև, որ «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումը դառնում է երկու երկրների հասարակությունների միջև երկխոսության կարևոր հարթակ, ինչի վկայությունն է ֆորումի երրորդ նիստի անցկացումը Երևանում:

Զրուցակիցները քննարկել են հայ-իսրայելական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ կարևորել իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ընդգծեցին գործարար կապերի խթանման անհրաժեշտությունը, անդրադարձ է արվել մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման հնարավորությանը։ 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել