Քաղաքական աշունը, կարծես թե, արդեն մեկնարկել է: Ճիշտ է, ոչ բուռն տեմպով, բայց որոշ քաղաքական ուժերի կողմից նկատվում են հետհանգստյան ակտիվության որոշ քայլեր: Առավել ակտիվ են հատկապես արտախորհրդարանական ուժերը, որոնք փորձում են ամեն ինչ անել հասարակության ուշադրության կենտրոնում մնալու համար:
Բավականին ակտիվ են նաև «Սասնա ծռեր» խմբավորման անդամները: Նրանց կողմից անընդհատ հնչում են հայտարարություններ ու կոչեր, որոնք, սակայն, ոչ այնքան բովանդակության վրա են հենված, այլ՝ հուզականության: Օրինակ՝ վերջերս հարցազրույց էր տվել Ալեգ Ենիգոմշյանը` նշելով, որ սեպտեմբերին որոշ լուրջ տեղաշարժեր կլինեն իրենց կողմից: Դրան հաջորդել էր «Սասնա ծռեր» խորհրդի անդամ Արմենակ Կյուրեղյանի հարցազրույցը, որտեղ վերջինս, անդրադառնալով Ենիգոմշյանի կողմից նշված քայլերին, ասել էր, որ քաղաքում չի եղել և այդ մասին տեղյակ չէ։ Բնականաբար, այստեղ առաջանում է տրամաբանական մի հարց՝ ո՞ւմ հետ է Ենիգոմշյանը լուրջ քայլերի նախապատրաստվում, եթե իրենց խորհրդի անդամները տեղյակ չեն ոչնչից:
Թերևս այս խմբակը կարիք ունի նախ զբաղվելու ինքնակազմակերպմամբ, ապա նոր խոսելու ժողովրդի անունից կամ համաժողովրդական շարժումներից, այլապես այս ամենն արդեն ծիծաղելի էլ չէ: