Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, որ Ադրբեջան են մատակարարվել իսրայելական արտադրության նոր սերնդի Spear MK2 ավտոմատ կառավարմամբ ականանետեր։ Այդ զենքն արտադրվել է Elbit Systems-ի կողմից։
Այդ ականանետերը ADEX ցուցահանդեսի ժամանակ տեղադրվել էին SandCat զրահամեքենաների վրա. ի դեպ` Ադրբեջանը նախորդ տարի արդեն գնել էր այդ մեքենաներն Իսրայելից։
Նոր ականանետերն կարողանում են խոցել թիրախները կառավարվող Spear ականներով`մինչև 10 կմ հեռավորությունից։
Ադրբեջանն իսրայելական զենքերի միջոցով փորձում է նվազեցնել «մարդկային գործոնը» ղարաբաղյան ճակատում: Ապագա պատերազմում Բաքուն Արցախի ու ՀՀ-ի դեմ կիրառելու է նորագույն զենքեր, որոնք լինելու են հեռակառավարվող կամ այդ մեքենաների կառավարումն իրականացվելու է մինիմալ քանակությամբ զինվորներով, հնարավոր է նաև իսրայելցի կամ այլ օտարազգի վարձկաններով։
Ադրբեջանը հաջորդ պատերազմում փորձելու է կիրառել «երեք ճակատների» մարտավարությունը․ մեկը`առաջնայինը, լինելու է ղարաբաղյան ճակատը: Ադրբեջանը փորձելու է ապրիլին գրաված դիրքերից (Թալիշի մերձակայք և Լելե Թեփե) կրակի տակ պահել լայն շառավիղով ռազմավարական նշանակության օբյեկտները, գյուղերն ու քաղաքները, ինչպես նաև այդ դիրքերն օգտագործել որպես նոր տարածքներ գրավելու մեկնակետեր կամ հենակետեր։ Երկրորդ ճակատը Նախիջևանն է լինելու, որտեղից Բաքուն կրակի տակ է պահելու ՀՀ-ի ռազմավարական նշանակության մարզերը` Արարատի մարզը` գյուղատնտեսական ահռելի ներուժ, Վայոց Ձորը` բնական պաշարներ`«կապող օղակ» կյանքի ճանապարհ Սյունիք-Իրանի հետ, ինչպես նաև Սյունիքի մարզը, որն ունի հանքաարդյունաբերական հզոր ներուժ, այդ մարզում գտնվող հզորություններն ապահովում են ՀՀ-ի բյուջեի զգալի մասը, իսկ Սյունիքով են անցնում Իրանի հետ կապող ռազմավարական, այլընտրանքային (Վրաստանը՝ որպես արտաքին աշխարհին կապող «պատուհան») ճանապարհները։
Բացի այդ՝ Նախիջևանից ուղիղ հարվածի տակ կարող է գտնվել Երևանը․ ՀՀ-ի մայրաքաղաքի ռազմա-քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական կարևորության մասին խոսելն անգամ ավելորդ է։
Երրորդ ճակատը լինելու է Տավուշի մարզը` 3-րդ բանակային կորպուս։ Բաքուն, կրակի տակ պահելով այդ մարզի սահմանամերձ գյուղերն ու առաջնագծում գտնվող զորամասերը, թույլ չի տալու, որ այդտեղից զորքերը տեղափոխվեն և Վարդենիս-Մարտակերտ կարճ ճանապարհով օպերատիվ կերպով օգնության հասնեն հիմնական ճակատ Արցախին։ Բացի այդ՝ կրակի տակ է պահվելու միջպետական` ՀՀ-Վրաստան ճանապարհը, որն անցնում է հենց Տավուշի մարզով` խոչընդոտելով ՀՀ-ի տնտեսական կյանքն ու քաղաքացիների տեղաշարժը։
Հիշեցնենք, որ Իսրայելի ՊՆ-ն վերջերս հայտարարել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերին է տրամադրվել արդիականացված, բոլոր եղանակային պայմանների համար նախատեսված մարտավարական անօդաչու Hermes 900-ը, որն արտադրվել է Elbit Systems-ի կողմից։ Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով` Hermes 900-ի առաջին գնորդներից է լինելու Ադրբեջանը։ Նոր անօդաչուն ունի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, կարողանում է առցանց ռեժիմով տեղակատվություն տրամադրել։ Hermes 900 կարողանում է երկար ժամանակ գտնվել օդում և նախատեսված է հետախուզության համար, բացի այդ՝ այն կարելի է զինել նաև հարվածային միջոցներով։ Նշենք, որ Ադրբեջանում սկսվել են տեղական արտադրության «Zərbə» անօդաչու թռչող սարքերի փորձարկումներն ու մասայական արտադրությունը։ 2017թ.-ին նախատեսվում է ևս երկու տեսակի անօդաչուների արտադրության մեկնարկ։
Չմոռանանք, որ նախորդ տարի Ղարաբաղում Ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանը նույնպես բազմաթիվ անգամ և տարբեր նպատակների` հետախուզական, հարվածային, հրետանու կրակի ուղղորդում (корректировка огня), կիրառել է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ իսրայելական արտադրության կամիկաձեներ, իսկ այժմ սկսել է տարբեր տեսակի անօդաչուների սեփական արտադրությունը։ Ադրբեջանը, Քառօրյայից դասեր քաղելով, հասկացել է անօդաչուների կիրառման արդյունավետությունը. Արցախի երկնքում կործանիչների կիրառությունը հանգեցնելու էր ՊԲ ՀՕՊ ուժերի հակազդմանն ու մարդկային (օդաչուներով Ադրբեջանը երբեք աչքի չի ընկել և Արցախյան պատերազմում օգտվել է այլազգի օդաչուների ծառայություններից), ինչպես նաև նյութական` միլիոնավոր դոլար արժեցող կործանիչների կորուստների։
Սեփական արտադրության անօդաչուները այդքան էլ թանկ չեն Իսրայելից գնելու համեմատությամբ, այդ պատճառով Բաքուն որոշել է գնալ հետախուզական, հարվածային (կամիկաձե) և հետախուզա-հարվածային տիպի անօդաչուների արտադրությանը, ինչը հուշում է, որ Ղարաբաղում այդ տիպի զինատեսակներն ավելի լայնորեն են կիրառվելու։ ՊԲ-ն պետք է ամրապնդի ՀՕՊ համակարգն ու РЭБ համակարգերը։ Անօդաչուների զանգվածային կիրառության նպատակն է տնտեսել թե՛ կործանիչ ավիացիան, թե՛ մարդկային գործոնը բացառել: Կործանիչի խոցումը բերելու է կա՛մ անձնակազմի կորստի, կա՛մ նրանք կատապուլտայից օգտվելու պարագայում «ընկնելու» են ԼՂՀ տարածքում ու դառնան ադրբեջանական ագրեսիայի կենդանի վկաները` գերիներ, ինչը կունենա թե՛ ռազմական, թե՛ քաղաքական ծանր հետևանքներ Բաքվի ռեժիմի համար։
Անօդաչուները հաջորդ ռազմական գործողությունների ժամանակ օգտագործվելու են թե հետախուզական` ԼՂՀ խորքում զորքերի տեղաշարժը հսկելու, ինչպես նաև հարվածային նպատակներով` հարվածելով թիկունքից առաջնագիծ օգնության շտապող զինտեխնիկայի շարասյուններին, շարքից հանելով ենթակառուցվածքներն ու հարվածի տակ պահելով Քելբաջարի ու Լաչինի ճանապարհները, որպեսզի ՀՀ-ից օգնության ինտենսիվությունը սահմանափակվի։ Հարվածներ կարող են հասցվել նաև Ստեփանակերտի դեռևս չգործարկված օդանավակայանին, թռիչքուղուն և այլն` Երևան-Ստեփանակերտ օդային ճանապարհով ռազմական աջակցությունը խափանելու համար։