ՀՀԿ գործադիր նիստից հետո, որը կայացել է երեկ, կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ սպավում է քաղաքական թեժ աշուն, քանի որ կուսակցական լուրջ ռեստարտ է գնում այժմ։ Այս ամենի մեջ արտառոց որևէ բան չէր լինի, եթե խոսքը չվերաբերեր Շարմազանովի ասածի մի փոքրիկ, բայց էական նրբության։ ՀՀԿ մամլո քարտուղարը թեժ աշուն ասելով նկատի ունի ոչ թե սովորական դարձած իշխանություն-ընդդիմություն թեման, այլ իշխանական վերադասավորումները։ Ասել է թե՝ ընդդիմություն պիտի լինի, որ մի հատ էլ թեժ աշուն խոստանա։ Հետևաբար ամբողջ դաշտի տրանսֆորմացիան նորից ընկնում է ՀՀԿ-ի վրա, ով այս պահին, բացի արտաքին մարտահրավերներից, որոնք գնալով ահագնանում են, ստիպված է փակել նաև ներքին քաղաքական օրակարագի մի շարք շատ կարևոր օղակներ, որոնք գոնե մինչև վերջին տարիներին իրականցնում էր ընդդիմությունը։ Երևի թե ոչ մի անգամ հայաստանյան ընդդիմությունն այսքան թույլ չէր եղել, թեպետ անհատական մակարդակում բավականին փորձառու խաղացողներ, այնուամենայնիվ, ունենք։ Իսկ ստեղծված պարագայում, երբ հանրության դժգոհ մասսայի տրամադրությունը քաղաքական ուժը չի կարող արտահայտել, այդ ֆունկցիան իրենց վրա կարող են վերցնել ապաքաղաքական միավորներն ու նախաձեռնությունները, որոնց գործողությունների տրամաբանությունը հաճախ քաղաքական վարքագծի մեջ չի տեղավորվում, ու իր արտահայտումն է գտնում օրինազանցությունների մեջ։ Ահա այն գլխավոր բացթողումը, որը թույլ է տվել իշխանությունը՝ փոխարենը ձեռք բերելով տեխնիկապես թույլ, բայց ֆիզիկապես շատ ավելի բարդ մրցակից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: