Ժառանգության մամլո խոսնակ Սուսաննա Մուրադյանը հայտարարել է, որ, իր տեղեկությունների համաձայն, իր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու նախկին արտգործնախար Վարդան Օսկանյանը պատրաստ են միասնական պայքարել գործող իշխանության վերարտադրությունը կանխելու համար։ Թե ինչ ձևաչափով դա կարտահայտվի, առայժմ դժվար է ասել։ Իսկ ի՞նչ եղանակով կարող է վերարտադրվել։ Այս ուժերը նախընտրական շրջանում հանդես եկան ՕՐՕ դաշինքով, որի հիմնական լոզունգը իշխանության փոփոխությունն էր, սակայն հռետորաբանությունը բացարձակապես այլ բանի մասին էր խոսում։ Տպավորությունն այն էր, որ իշխող կուսակցության դուստր կազմակերպությունը լիներ։ Այսինքն՝ ոչ մի անուն, ոչ մի կտրուկ հայտարարություն՝ երևի թե բացառությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի։ Սակայն նա իր պատճառաբանություններն ունի։ Րաֆֆին էլ մինչև 2013 թվականի նախագահական ընտրությունները նույնպես կցկտուր բառակապակցություններ էր օգտագործում (այնպես չէ, որ շատ բան է փոխվել)։ Տեսեք, եթե դու ընդդիմադիր ես, ուրեմն՝ պետք է պահանջես նախագահի ու բարձրագույն իշխանության հրաժարականը։ Եթե դու դա չես անում, ուրեմն՝ հանրությունը, փորձագիտական շրջանակներն իրավունք ունեն կասկածելու քո նպատակների ու մտադրությունների վրա։ Եթե փորձում ես կառուցողական ընդդիմություն խաղալ, ապա դրա համար անհրաժեշտ է երկու պայման։ Բովանդակություն ու քաղաքական ասելիք, սակայն հիմքում նույնը՝ քննադատություն իշխանություններին։ Հիմա փորձենք հիշել, թե ինչով էին զբաղված հատկապես Օհանյանն ու Օսկանյանը։ Ոչ մեկը նրանցից Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջել։ Եթե չի պահանջել, ուրեմն՝ խնդիր ունի անկեղծության հետ։ Եվ մարդիկ, որոնք զարմանում են Օսկանյանի ու Հովհաննիսյանի անկեղծության վրա, ճիշտ են անում, ու մարդիկ, ովքեր զարմացել էին, թե ինչու ՕՐՕ դաշինքը այդքան քիչ ձայներ հավաքեց ընտրությունների արդյունքում, թող ուշադրություն դարձնեն հենց այս փաստին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: