Ընտրությունների ավարտից հետո, թերևս, կարելի էր պատկերացնել, որ հետընտրական ինտրիգներ դեռևս սպասել չի կարելի, սակայն խորհրդարան մտնելու թեստից կտրված ուժերից մեկը փորձում է ինչ-որ կերպ մնալ ջրի երեսին:
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը տեղեկացրել է, որ կուսակցության
նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ու փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ընդդիմության խոշորացման նպատակով հանդիպումներ են անցկացնում խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ: Ավելի վաղ Մարտիրոսյանը նշել էր, որ «Ժառանգությունը» քաղաքական նոր պլատֆորմով հանդես չի գա։
Փաստացի՝ ԱԺ-ում գտնվող քաղաքական ուժերից և ոչ մեկը չի խոսել արտախորհրդարանական պայքարի մասին և ընտրությունների արդյունքներն ընդունել է այնպես, ինչպես որ կա: Հետաքրքիր է, թե ինչ պետք է առաջարկի Րաֆֆին այդ ուժերին, հատկապես այն պարագայում, երբ շատերը լավ ճանաչում են Ժառանգության ողջ կազմին՝ 3 հոգուն։ Մյուս կողմից էլ ընդհանրապես անհայտ է մնում, թե Րաֆֆու քննարկումները ինչու են ծավալվում արձակուրդի շրջանում։ Այս պահին դժվար թե ինչ-որ մեկը արձակուրդը կիսատ թողնի Հովհաննիսյանին լսելու համար։
Եթե ընդդիմության խոշորացման նպատակով քննարկումն են կազմակերպում, միևնույն ժամանակ էլ պնդում, որ նոր քաղաքական պլատֆորմով հանդես չեն գա, հետաքրքիր է՝ այդ ի՞նչ են փորձում ձևավորել Րաֆֆի Հոհաննիսյանն ու Մարտիրոսյանը՝ բլոտի նոր սաստա՞վ, թե՞ ֆուտբոլի թիմ։ Եթե կառույցում դեռ կարծում են, որ ինչ-որ ուժ կմիավորվի Ժառանգության դրոշի տակ, ապա մենք արդեն գործ ունենք քաղաքական իմպոտենցիայի հետ։