Ամռան սկզբին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում կայացավ Լիլիթ Մարգարյանի «Լիլիթ» նորաձևության դպրոցի առաջին շրջանավարտների ավարտական երեկոն: Սա յուրօրինակ ու հայաստանյան նորաձևության ասպարեզում աննախադեպ միջոցառում էր, որի ընթացում ցուցադրվեցին «Լիլիթ» նորաձևության դպրոցի առաջին շրջանավարտների ստեղծած նորաձև էսքիզները: Յուրահատուկ այս միջոցառման, դպրոցի ստեղծման գաղափարի ու Հայաստանում նորաձևության զարգացման հեռանկարների թեմաների շուրջ էլ BlogNews.am-ը առիթ է ունեցել զրուցելու դիզայներ Լիլիթ Մարգարյանի հետ.

«Մանկավարժի փորձ ձեռք եմ բերել դեռևս 15 տարի առաջ, երբ Հայաստանի Գեղարվեստի ակադեմիայի հրավերով սկսեցի դասավանդել այդ կրթօջախում: Ժամանակի սղության պատճառով 3 տարի հետո դադարեցրի մանկավարժական գործունեությունս, սակայն այդ ընթացքում մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր աղջիկներ արդեն հասցրել էին ուսում ստանալ իմ սրահում: Բոլորի հետ անմնացորդ կիսվել եմ իմ մասնագիտական գաղտնիքներով, և նրանցից շատերը գտել են իրենց տեղը կյանքում, հիմա էլ աշխատում են, գումար են վաստակում, ու ես բոլորի համար շատ ուրախ եմ: 2 տարի առաջ նորից ստացա դասավանդելու առաջարկ Երևանի նորաձևության դպրոցներից մեկում և այդ ընթացքում հասկացա, թե որքան հաճելի գործընթաց է ինձ համար լսարան կրթելը: Մեկ տարվա ընթացքում հրաշալի արդյունքների հասանք, վերջում էլ նորաձևության ցուցադրություն կազմակերպեցինք, որն, իրոք, մեծ գովեստների արժանացավ: Պետք է ասեմ, որ դասավանդման պրոցեսում ես ոչ միայն գիտելիքներ եմ փոխանցում, այլ նաև դրական, էմոցիոնալ մեծ լիցքեր եմ ստանում իմ աշակերտներից: Հրաշալի է, երբ տեսնում եմ, թե ինչպիսի ագահությամբ, ֆանատիկ հիացմունքով են նրանք ընկալում ամեն ասածդ, և վերջում էլ տեսնում ես, թե ինչ հրաշալի արդյունքների, ստեղծագործությունների է բերում համատեղ աշխատանքը: Իսկ ստեղծագործող մարդու համար դա անհրաժեշտություն է: Այնպես որ, մեծ մեղք կլիներ չզբաղվել մանկավարժությամբ: Ահա այս ամենը համագումարի բերելով՝ որոշեցի հիմնել իմ նորաձևության դպրոցը»:

«Լիլիթ» նորաձևության դպրոցում սովորելու համար տարիքային սահմանափակումներ չկան: Դիզայներն ասում է, որ թեև ցանկացած կիրառական արվեստի ճյուղի մեջ լավ նկարելը գլխավոր նախապայման է, սակայն իր առաջին սերնդի աշակերտների մեջ կային և այնպիսիները, ովքեր չէին կարողանում նկարել. «Սակայն այնքան մեծ էր ցանկությունը, որ շատ կարճ ժամանակահատվածում մենք հրաշալի արդյունքների հասանք, ինչի ապացույցն էլ առաջին շրջանավարտների ավարտական աշխատանքներն էին՝ ֆեշն իլյուստրացիաները: Արտակագ ու հանճարեղ աշխատաքներ էին, ու ես միայն մի մեծ ցանկություն ունեմ. ուզում եմ, որ այդ նորաթուխ դիզայներները հնարավորինս շուտ գտնեն իրենց ուրույն ուղին նորաձևության բնագավառում»:

Հարցին, թե որքան լավատեսորեն է տրամադրված հայկական նորաձևության ապագայի նկատմամբ, Լիլիթ Մարգարյանն այսպես է պատասխանում. «Ապագա ունենալու համար պետք է լինի գրագետ հիմունքների վրա դրված կրթություն, որը պակասում է Հայաստանում: Դպրոցի ստեղծման իմ գլխավոր նպատակն այն էր, որ ես իմ մասնագիտական կյանքի փորձը, գիտելիքները կարողանամ փոխանցել այն մարդկանց, ովքեր գուցե և կերտեն այդ ապագան Հայաստանում»:

Մասնագետների պատրաստումն, իհարկե, առաջնահերթ կարևորության խնդիր է, սակայն Հայաստանում դիզայների աշխատանք գտնելն այնքան էլ հեշտ գործ չէ: Ո՞րն է խնդիրը, մեր զրուցակիցն այսպես է մեկնաբանում իրավիճակը. «Հայաստանում տեքստիլ ֆաբրիկաները չեն դիմում հայ դիզայներների խորհուրդներին, աշխատանք չեն առաջարկում: Ներկայումս հայրենական տեքստիլ արտադրությունը զարգացում է ապրում, բայց էլի ոչ մի հայ դիզայներ աշխատանքի չի հրավիրվում, ամեն ինչ բերվում է պատրաստի, կոնվեերներով: Ցավալի է, որովհետև դիզայներն իր ճակատագիրը պետք է կերտի հենց ֆաբրիկաներում: Նրա էսքիզները, գաղափարները պետք է մեծ մասսաներին հասանելի լինեն, որպեսզի նա կայանա, հասունանա, զարգանա: Բայց եթե նայենք այս ամենին, ապա ոչ մեկը չպիտի աշխատեր այս բնագավառում, այդ թվում և՝ ես»:

Ինչ վերաբերում է դիզայներների հեղինակային իրավունքներին, ապա Լիլիթ Մարգարյանն ասում է, որ այս առումով իրավիճակը բառացիորեն գտնվում է բարձիթողի վիճակում. «Ավելի քան 20 տարիների ընթացքում տեսել եմ գրեթե ամեն ինչ, բախվել եմ բազմաթիվ խնդիրների: Պլագիատը կա, ու դրա դեմ ոչինչ անել հնարավոր չէ: Միջակությունները միշտ համարձակ են լինում, միջակից ցածրերը՝ առավել ևս: Մինչ դու էսքիզդ մշակում ես՝ ներկայացնելու համար, կտեսնես մի հայտնի մարդու՝ այդ էսքիզով արդեն իսկ կարված զգեստով, ով դուրս կգա բեմ ու կգովի բոլորովին այլ դիզայների: Ու ոչինչ, որ դա կլինի անփույթ, դեռևս չհղկված մոդելով կարված, կարևորը՝ առաջինը կլինի: Նման դեպքերում պայքարն անիմաստ է: Այն կարող է անկման բերել, կոտրել մարդուն, դրա համար էլ ես երբեք չեմ արձագանքում նման դեպքերի: Աշակերտներիս էլ եմ ասում՝ մի էսքիզով չէ, մի զգեստով չէ: Եթե դիզայներ ես, ուրեմն՝ պետք է ամեն օր կարողանաս նորը ստեղծել»:

Լիլիթ Մարգարյանն ասում է, որ ֆեշն իլյուստրացիաների ցուցադրություն-ցուցահանդեսն իրենից առաջ Հայաստանում ոչ ոք չէր արել ճիշտ այնպես, ինչպես շատ ու շատ նորարարություններ, որոնք տարիներ շարունակ նա արել է հայաստանյան նորաձևության բնագավառում. «Անում եմ, թողնում, գնում: Անցնում է 7-8 տարի, ու ինչ-որ մեկը նորից է դա անում ու ներկայացնում որպես «առաջին» անգամ: Հանգիստ եմ նայում այս ամենին, քանի որ մտածում եմ՝ ես վաղը կարթնանամ ու մի նոր բան հաստատ կանեմ, իսկ «նրա» համար գուցե սա վերջին շանսն է, որ իր մասին խոսեն»:
Ինչ վերաբերում է «Լիլիթ» նորաձևության դպրոցի երկրորդ սերնդի աշակերտների ընդունելությանը, դիզայներն ասում է, որ այն արդեն սկսված է: Հարցազրույցն անձամբ Լիլիթ Մարգարյանն է անցկացնում՝ հասկանալու համար դիմորդի ստեղծագործական ներուժը, և արդյոք կստացվի՞ նրա մոտ, թե՞ ոչ:

Նշենք, որ 8-ամսյա դասընթացների վերջում աշակերտներն ստանում են հավաստագիր: Ինչ վերաբերում է վարձավճարին, ապա այն հնարավորինս ադապտացված է հայաստանյան պայմաններին: Դիզայներական դպրոցում ուսում ստանալու հայտադիմումները կընդունվեն մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը, և եթե Դուք որոշել եք նորաձևությունը դարձնել Ձեր մասնագիտությունը կամ էլ կրել միայն սեփական էսքիզներով կարված օրիգինալ զգեստներ ու իրականացնել Ձեր՝ ինքնատիպ զգեստապահարան ունենու երազանքը, ուրեմն՝ այս առաջարկը լավագույնն է, եթե Դուք ապրում եք Հայաստանում:
Նյութը՝ Արմինե Հայրապետյանի
Լուսանկարները՝ Լիլիթ Մարգարյանի անձնական արխիվից



