Կառավարությունն, ըստ էության, որոշել է չգնալ ամառային հանգստի։ Լուրեր են պտտվում, որ Կարեն Կարապետյանը հրահանգել է, որ պատրաստ լինեն աշխատել նաև ամռան շոգ օրերին։ Սեփական օրինակով վարչապետը վերջերս այցելել է Արմավիրի մարզ, որտեղ տեղի քաղաքապետին նախատել է քաղաքի մաքրության միջոցների տրամադրման թվի ոչ հստակ իմացության համար։ Սա, իհարկե, գովելի փաստ է։ Հիմա շատերը կասեն՝ Կարապետյանն ինտելեկտուալ Հայաստան կառուցելու մասին խոսելու փոխարեն, ավելի լավ է՝ հետևի իր լեքսիկոնին ու չօգտագործի, օրինակ, «պռոստո», «զախոդ» բառերը, սակայն գիտեք՝ ինչ կա, ավելի լավ է նման բառապաշարով, սակայն արդունավետ աշխատել, քան թե ոսկեղենիկ հայերենով մտքեր շարադրել ու արդյունքում ոչինչ չստեղծել, չանել, միայն կեղծ բաներ ասել։ Հիմա քաղաքապետն, իհարկե, թե մի քիչ թասիբ ունենար, վաղուց հրաժարական կտար, սակայն Հայաստանի նման երկրում մարդիկ ավելի շուտ ինքնասպան կլինեն, քան կհրաժարվեն իրենց պաշտոններից, ուստի պաշտոնանկության թեման եկեք այսքանով փակենք։ Սակայն իր հասցեին հրապարակային, մի քանի տեսախցիկների առաջ արված մեղադրանքը գոնե կաշխատի շտկել, աշխատել, ապացուցել հակառակը, որովհետև այստեղ նույնպես ինչ-որ տեղ թասիբի հարց կա։ Իհարկե, բանը սրան չպիտի հասցնի, պետական պաշտոնյայի ամեն օրվա գործը պիտի լինի սեփական քաղաքացու բողոք լսելն ու քաղաքին ուղղված անհրաժեշտ քայլեր ձեռնարկելը։ Հայաստանում դժվար թե գտնվի մի քաղաքապետ, ով ամեն օր հենց սա էլ անում է, ու դա համակարգի լճացման վառ ապացույցն է։ Հիմա, ուրեմն, ի՞նչ է ստացվում. Կարապետյանը պետք է Տեր Թոդիկի պես առավոտից իրիկուն փայտը ձեռքից չգցի ու վազի քաղաքապետերի հետևի՞ց։ Այլ բան ու գործ չունի՞, ինչ է։ Մի խոսքով՝ լավ է, որ վարչապետը փորձում է սաստել սեփական կառավարությանը լավ աշխատելու, բայց համաձայնեք, նա մենակով փոփոխության հասնել չի կարող, որովհետև փոփոխությունը պետք է ցանկանա յուրաքանչյուրն, ով մտահոգ է իր երկրի, իր քաղաքի, իր գյուղի համար։ Իսկ եթե դա չկա, ուզում եք գնացեք, բերեք Լի Կուա-յու-ին դրեք Հայաստանի վարչապետ, միևնույն է, բան չի փոխվելու մեր երկրում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: