Հայաստանն, ինչպես գիտենք, այս օրերին մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին, որոնք տեղի են ունենում Վրաստանում։ Սա բավականին հետաքրքրական իրավիճակ է ստեղծում տարածաշրջանում, եթե հաշվի առնենք, որ վերջին անգամ ՆԱՏՕ-ի հետ զորավարժություններին հայկական ստորաբաժանումներն այդքան մեծ չափով մասնակցել էին դեռ շատ տարիներ առաջ։ Առհասարակ, ՆԱՏՕ-ում Հայաստանը ներկայացված է խաղաղապահ առաքելություն իրականացնող մի շարք ստորաբաժանումներում, սակայն մենք այդ ռազմական դաշինքի անդամ չենք, ուստի ընդլայնված կազմով մասնակցություն ցուցաբերել չենք կարող, դա պարզ է։ Ավելին՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է հանդիսանում։ Այսինքն՝ փաստացի այլ ռազմական դաշինքի մեջ է։ Սա նաև այն պարագայում, երբ աշխարհաքաղաքական իրավիճակը բավականին լարված է, ու Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները մտել են փակուղի առավել, քան երբևէ։ Երևի թե ամենաբարդ փուլն է՝ սկսած Սառը պատերազմից։ Հայաստանն, իհարկե, չի պատրաստվում ոտնատակ ընկնել այս գեոպոլիտիկ իրավիճակում, ինչպես շատ հաճախ դա տեղի է ունենում, երբ գերտերությունները երկուստեք հարաբերությունները կարգավորելու համար քավության նոխազ են դարձնում մանր պետությունները։ Պատմությունը վաղուց է ապացուցել այդ թեզի ճշմարտացիությունը։ Հետևաբար, Հայաստանի մասնակցությունն այս զորավարժությանը կարող ենք համարել որոշակի ըմբոստություն պաշտոնական Մոսկվային՝ Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ։ Սրանք, իհարկե, ընդամենը ենթադրություններ են, քանի որ Հայաստանը չի խախտել ՀԱՊԿ պայամանգրով նախատեսված օրենսդրությունն ու չի արել քայլեր, որոնք չեն բխում դաշինքի մեջ ներառված երկրների շահերից։ Սակայն սա նաև հստակ դիրքորոշում է Ռուսաստանին, որ Հայաստանը մտադիր չէ նախկինի պես աչք փակել պաշտոնական Մոսկվայի բիզնես կանոններով առաջնորդվող խաղերի վրա։ Եթե անկեղծ, սա վաղուց պիտի արվեր, բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել