Զարուհի Փոստանջյանն օրերս հենց ասուլիսի ժամանակ նախկին թիմակիցներին անվանել էր «ոչնչնություններ»․ «Իրենք մեզ չեն հետաքրքրում, մենք նրանց ցտեսություն ենք ասել, իրենք պետք է հասկանան իրենց դերը կյանքում, հաստատ ավագանու կամ «Երկիր ծիրանիի» մեջ չէ նրանց դերը: Իրենց արդեն ճանապարհել ենք, իրենք ոչնչություն են, հետևաբար այդ ոչնչությունների տեղը մեր կողքին չէ»։
Անկախ ամեն ինչից՝ քաղաքական գործիչը էլեմենտար էթիկայի օրենքները չպետք է տրորի։
Բարոյական չէ նախկին թիմակիցներին հրապարակայնորեն ոչնչություն անվանելը։ Մանավանդ այն մարդկանց, որոնց հետ ճանապարհ ես անցել ու ավագանու մանդատներ վաստակել։ Ներկուսակցական տարաձայնություններ, ինչու չէ նաև վեճեր լինում են գրեթե բոլոր կառույցներում, բայց քչերն են տեսախցիկների առջև հայհոյում թիմակիցներին։ Սա ոչ մի տեղ տանող գործելաոճ է, որը կարող է նաև կասկածի տակ դնել մի ամբողջ կուսակցության վարկանիշը։ Էլ չենք խոսում այն մասին, որ սա կարող է բացասական անդրադառնալ Փոստանջյանի՝ առանց այդ էլ փոքրաթիվ համակիրների թվի վրա։
Փոստանջյանը բավականին մեծ պրակտիկա ունի կուսակից ընկերներին պախարակելու գործում, սակայն դրանով ոչ թե կերտում է քաղաքական խրոխտ գործչի կերպար, այլ ընդհակառակը՝ ապացուցում, որ ինքը պարզապես թույլ մենեջեր է։ Հայհոյել ու կուսակցական շարքերից դուրս վռնդել կարող են անխտիր բոլորը, սակայն բարդ է իրական լիդերի հատկանիշներ ունենալ ու թիմ ձևավորել։