Կառավարությունը հավանություն է տվել գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրին, բերքի գնման պայմանագրի օրինակելի ձևին և պիլոտային ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների վերաբերյալ տրամադրվող հաշվետվության ձևին: Նախարար Իգնատի Առաքելյանի խոսքով՝ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ամեն տարի մթերման արդյունքում մթերողների կողմից մնում են պարտքեր գյուղացիական տնտեսությունների նկատմամբ, և չեն կնքվում պայմանագրեր գյուղացիական տնտեսությունների և մթերող ընկերությունների միջև, որով կհստակեցվեն մթերման ենթակա ապրանքի քանակն ու արժեքը: Պիլոտային ծրագրով նախատեսվում է վերամշակման նպատակով պտուղ-բանջարեղենի և խաղողի մթերումներ (գնումներ) իրականացնող շուրջ 20 փոքր և միջին իրավաբանական անձանց շուրջ 2,4 մլրդ ՀՀ դրամի չափով մինչև 12 տոկոս տոկոսադրույքով և 1 տարով տրամադրվող վարկերը սուբսիդավորել մինչև 9 տոկոսային կետով, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 3 տոկոս: Սուբսիդավորումն իրականացնելու նպատակով գործադիրը վերաբաշխում է կատարել ՀՀ 2017 թ. պետական բյուջեում և ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել 70,422.0 հազ. ՀՀ դրամ: Ակնկալվում է, որ պիլոտային ծրագրի իրականացման արդյունքում նախադրյալներ կստեղծվեն ոլորտում վարկունակության պահանջարկի մակարդակի բարձրացման համար: Դա կնպաստի գյուղմթերքների գնման դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվող վճարումները կարճ ժամկետում կատարելուն, վերամշակողների և գյուղացիական տնտեսությունների միջև բերքի գնման պայմանագրային հարաբերությունների հաստատմանը, ծրագրի շահառու վարկառուների կողմից պտուղ-բանջարեղենային պահածոների և գինեգործական արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը և այլն: Վարչապետը հանձնարարել է գյուղատնտեսության նախարարին հետևողական լինել գործընթացը ճիշտ կազմակերպելու գործում. «Անպայման հետևում եք, որպեսզի այդ գումարը ճիշտ նեղ տեղերն ուղղվի, որովհետև եթե մենք 2.4 մլրդ ՀՀ դրամ ուղղենք մեր ընդհանուր մթերման դաշտ ու կարգավորենք այդ դիսբալանսը, լավ արդյունք կունենանք»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել