«Հայոց աշխարհ»-ը ռուս-ամերիկյան վերջին սրացումների թեմայով զրուցել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանի հետ: Ներկայացնում ենք հատված:
-Ի՞նչ եք կարծում, մինչև երբ կարող է շարունակվել և ինչի՞ կարող է հանգեցնել ռուս-ամերիկյան փոխադարձ պատժամիջոցների այս պատերազմը. Ռուսաստանից և Միացյալ Նահանգներից հնչող հայտարարությունները հիմք տալիս են ասելու, որ կողմերը պատրաստ են գնալու լարվածության թուլացման:
-Բարդ հարց է. այստեղ կանխատեսումներ անելը շատ դժվար է՝ ավելի ճիշտ կլինի հույս հայտնել, որ ինչ-որ պահի ողջամտությունը կգերակայի, և կողմերը կփորձեն միմյանց ընդառաջ քայլեր անել, ձևավորել փոխադարձ վստահության մթնոլորտ և համագործակցության կամուրջներ ստեղծել:
Հակառակ դեպքում, եթե հակամարտությունը շարունակվի, նոր դրսևորումներ ստանա, սա կարող է ցնցել աշխարհը, որովհետև գերտերությունների միջև նմանատիպ սրացումներն անխուսափելիորեն իրենց անդրադարձն են ունենում թե ընդհանուր աշխարհաքաղաքական միջավայրի, թե՛ տարածաշրջանային զարգացումների վրա:
-Այս ամենի մեջ մեզ, բնականաբար, նախ և առաջ հետաքրքրում է, թե ինչ ազդեցություն կունենա այս ամենը Հայաստանի և Արցախյան հիմնախնդրի կարգավորման վրա՝ նկատի ունենալով, որ «հակամարտող կողմերից» երկուսն անմիջականորեն ներգրավված են Մինսկի խմբի գործընթացում:
-Նախ, տարանջատենք, հիմնախնդրի կարգավորման գործընթացի հետ կապված՝ երկու մոտեցում կարող է լինել: Մեկը՝ ըստ նախորդ տարիների փորձառության, եթե անդրադառնանք վերջին տարիներին, նախկինում էլ եղել են նման վիճակներ, սրացումներ ռուս-ամերիկյան հարաբերություններում, և ոչ մեկ անգամ, բայց այդ սրացումները չեն «պրոյեկտվել» Մինսկի խմբի համանախագահների համատեղ աշխատանքի վրա:
Ավելին՝ սա եղել է այն ձևաչափը, որտեղ կողմերը հաջողությամբ համագործակցել են, կարողացել են միասին աշխատել՝ ի հեճուկս այլ հարցերում ունեցած տարաձայնությունների, և մենք դա ֆիքսել ենք: Այսինքն՝ փորձը ցույց է տալիս, որ այդպիսի «պրոյեկցիա», անմիջական ազդեցություն չի եղել:
Իսկ եթե հարցին մոտենանք զուտ տեսականորեն, իհարկե՝ այդ վտանգը չի կարելի բացառել, որպես այդպիսին: Տա Աստված, որ այս դեպքում էլ այդ ազդեցությունը չլինի, այլապես դա կարող է շատ բացասական անդրադառնալ բանակցային գործընթացի վրա:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել