Սամվել Բաբայանի կալանավորման թեման բավականին ակտիվ քննարկումների թեմա էր դարձել։ Քաղաքական հետապնդումների զո՞հ էր Բաբայանը, թե՞ ոչ․ այս հարցի վերաբերյալ տեսակետների պակաս չկար։ Այս օրերին նույնպես Բաբայանի կալանավորման թեմայով նկատվում է որոշակի ակտիվություն։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի համոզմամբ՝ Ժիրայր Սեֆիլյանի և Սամվել Բաբայանի գործերը «սարքված» են, նա նկատել է, որ նմանատիպ իրավիճակ էր 1937 թ., երբ ցանկացածի գլխին կարող էին «գործ սարքել»։ Հետաքրքիր տենդենց է նկատվում։ Հելսինկյան կոմիտեի անդամները պարբերաբար պնդում են, թե Բաբայանը մեղավոր չէ, ու տեղի ունեցածը համեմատում են խորհրդային տարիներին ընդունված «գործ սարքելու» պրակտիկայի հետ։ Օրերս Վանաձորի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Արթուր Սաքունցը ևս անդրադարձել էր այս թեմային։ Վերջինիս համոզմամբ՝ Սամվել Բաբայանը քաղաքական բանտարկյալ է։

Նախ՝ ինքներս մեզ համար պետք է ֆիքսենք, որ «Իգլա» բերողը չի կարող համարվել քաղբանտարկյալ, իսկ նման հայտարարություններ անելու համար Հելսինկյան կոմիտեի անդամները լուրջ հիմքեր պետք է ունենան։ Հետաքրքիր է իմանալ, թե Ավետիք Իշխանյանը կամ Արթուր Սաքունցն ունե՞ն արդյոք բավարար հիմքեր Բաբայանին քաղբանտարկյալ կոչելու կամ «գործ սարքել» տերմինն օգտագործելու համար։ Արդյո՞ք Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչները գիտակցում են, թե ում հանրային պաշտպանությունն են ստանձնել։

Քաղբանտարկյալ տերմինը չպետք է դարձնել մատի փաթաթան ու պատեհ-անպատեհ առիթով շահարկել։ Այդ կերպ իշխանություններին հավելյալ խոսելու առիթ են տալիս: Էլ չենք խոսում նրա մասին, որ ամեն մեկին քաղբանտարկյալ ասելով՝ արժեզրկում են տերմինն ու կասկածի տակ դնում մնացյալների անունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել