Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը պաշտոնական այցով մոտակա ժամանակներս այցելելու է Բաքու։ Այդ մասին հայտարարել է Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովը։
Վերջերս Թուրքմենստանը որոշում կայացրեց Կասպից ծովի ափին նոր նավահանգստի շինարարության իրականացման վերաբերյալ:
Թուրքմենական նոր նավահանգիստը կլինի բազմաֆունկցիոնալ և այն կկարողանա սպասարկել նավթ, գազ արտահանող տանկերներ, ինչպես նաև տարբեր արդյունաբերական նշանակության ապրանքների տեղափոխությամբ զբաղվող նավեր: Թուրքմենբաշիի նոր նավահանգստի ընդհանուր մակերեսը կկազմի 1 միլիոն 200.000 քմ:
Դեպի նավահանգիստ կկառուցվեն նոր ճանապարհներ և երկաթգիծ, որպեսզի նավահանգիստը ձեռք բերի տարանցման մեծ հնարավորություններ դեպի Կենտրոնական Ասիայի այլ երկրներ և Չինաստան:
Կասպյան ավազանի հետ կապված գլխավոր նախագծերից է համարվում Տրանսկասպյան գազամուղը, որը պետք է 300 կմ երկարությամբ ձգվի Կասպից ծովի հատակով` Թուրքմենստանից մինչև ադրբեջանական ափ, այնտեղից, օգտագործելով այդ երկրի էներգետիկ համակարգը, արտահանվի Արևմուտք Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի կամ ադրբեջանա-թուրքական նախագիծ համարվող TANAP գազամուղի օգնությամբ` շրջանցելով Ռուսաստանը և Իրանը:
«Ադրբեջան-2020» ռազմավարությունը, որն իր մեջ ներառում է Ադրբեջանի հասարակական, տնտեսական զարգացման տեսլականը մոտակա 20 տարիների համար, ստորագրվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից դեռևս 2012թ.-ին:
Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանը պետք է դառնա Արևմուտք-Արևելք, Հյուսիս-Հարավ էներգետիկ-տրանսպորտային միջանցքների խաչմերուկ և տարածաշրջանում տարանցիկ կարևորագույն օղակ:
Տարանցիկ և էներգետիկ-տրանսպորտային միջանցք դառնալու համար Ադրբեջանը նախատեսում է մոտակա տարիների ընթացքում արդիականացնել երկաթգիծը, ավտոճանապարհները բերել միջազգային չափորոշիչների, Կասպից ծովի ափին կառուցել նոր միջազգային առևտրային Ալյաթի նավահանգիստը, ինչպես նաև Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում կառուցել նոր համալիր և օդանավակայանի տարածքում ստեղծել ազատ տնտեսական գոտի: