«Ռազմական» նոր վարկի ձեռքբերման շուրջ Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկումների մեջ է, որոնք սկսվել են այս տարի։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
Նախարարը, սակայն, չի մանրամասնել, թե խոսքն ինչ գումարի մասին է և ռազմական ոլորտի ինչ ծրագրի համար է այն։
Ադրբեջանի կողմից սպառազինությունների մրցավազքի շարունակական ու գիտակցված հրահրումը հանգեցնում է նրան, որ ՀՀ-ն ստիպված է լինում գնել նորանոր զենքեր. բյուջեի դեֆիցիտի, արտաքին մեծ պարտքի, տնտեսական ծանր վիճակի (բարելավման հեռանկարներ չկան) պայմաններում Երևանին մնում է միայն դիմել Բաքվին զենք վաճառելու համար հայ հասարակության շրջանում լայնորեն քննադատվող ՌԴ-ին` նոր վարկեր ստանալու և ռազմական բալանսը պահպանելու համար։
Մոսկվային այս իրավիճակը լիովին ձեռնտու է. շատ լավ տիրապետելով ՀՀ-ի տնտեսական առկա վիճակին, հեռանկարներին ու ներուժին՝ ՌԴ-ն ռազմական վարկերի միջոցով մեծացնում է ՀՀ-ի ռազմա-տեխնիկական կախվածությունը Մոսկվայից, ինչն էլ բերելու է մոտակա տասնամյակների ընթացքում քաղաքական, աշխարհաքաղաքական միակողմանի կախվածության։
Այս իրավիճակը շտկելու համար ՀՀ-ն պետք է ունենա միջոցներ` կառուցի նորմալ տնտեսություն, տնտեսապես հզորանա, որպեսզի լրացուցիչ եկամուտներ հատկացնի սեփական ռազմական արդյունաբերության կառուցման համար (Ադրբեջանը գնում է այդ ճանապարհով) ու մի շարք զինատեսակներում կամ գոնե արկերի մասով դառնա ինքնաբավ երկիր։
Դրան զուգահեռ՝ Երևանը պետք է ռազմա-տեխնիկական նոր կապեր ստեղծի (կրկին ֆինանսներ ունենալու պարագայում) այլ երկրների հետ։ Դրանք կարող են լինել արտատարածաշրջանային` Չինաստան, Հնդկաստան, Արևելյան Եվրոպայի երկրներ, Լատինական Ամերիկա (այդտեղ ազդեցիկ հայ համայնքեր կան), իսկ ռազմական համագործակցությունը բխում է քաղաքական սերտ կապերից։