Արցախի սահմանադրական հանրաքվեին միջազգային դիտորդների թվի ավելացումը վկայում է, որ Ադրբեջանի` Արցախը մեկուսացնելու քաղաքականությունը ձախողվում է:
Հուլիսի 14-ին կայացած ասուլիսում այս մասին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Չնայած Ադրբեջանն Արցախը մեկուսացնելու քաղաքականություն է վարում, սակայն այն Ադրբեջանի համար վստահաբար ցանկալի արդյունք չի տալիս: Այդ տարվա սկզբին Արցախի սահմանադրական հանրաքվեին միջազգային դիտորդների թիվն ավելին էր, քան նախորդ ընտրությունների ժամանակ, ինչը կապում եմ միջազգային հանրության ուշադրության մեծացմամբ Արցախի հետ կապված հարցերում: Դա էլ ստիպում է մեզ ավելի պատասխանատու գործել»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի՝ նման քաղաքականությունը չհաջողելու մասին է վկայում նաև այն, որ վերջերս հրապարկված տվյալների համաձայն՝ զբոսաշրջությունը Արցախում ևս աճ է գրանցել՝ նախորդ տարիների համեմատ: «Թվերի բավականին բարձր ցուցանիշը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, օրինակ՝ ապրիլյան պատերազմից հետո միջազգային հետաքրքրության բարձրացմամբ: Հրապարակվել են նաև մի քանի զեկույցներ՝ կապված ապրիլյան հակամարտության հետ, ինչը ևս որոշակիորեն մեծացրել է հետաքրքրությունը»,-եզրափակեց Մելիքյանը: