Պատմականորեն ապացուցված իրողություն է՝ որևէ կառույց, խմբավորում վերելքի ընթացքում, շռնդալից հաղթանակների, ձեռքբերումների արձանագրմանը զուգահեռ, ընդլայնելու է սեփական դիրքերն ու մասշտաբները, մինչդեռ դրանք, համեմատական առումով, գրեթե նույն տրամաբանությամբ էլ պառակտվում, տրոհվում են արդեն «անկման» ճանապարհին:

Արդեն շուրջ 1 տարի «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ իրականացվող առավել սկզբունքային և որակապես նոր մակարդակի հասած հակաահաբեկչական պայքարը մինչ այս արդեն իսկ պատճառ էր դարձել կառույցի շարքերում զանգվածային դասալքության գործընթացի, ինչն ԻՊ-ի ղեկավարությունը փորձում էր կանխել հնարավոր ամենաբիրտ եղանակներով: Իսկ արդեն ընթացիկ տարվա կեսերին ահաբեկչական խմբավորումն ավելի արագ թափով սկսեց զիջել սեփական վերահսկողության ներքո գտնվող բավական հանգուցային նշանակության շրջաններ, ընդ որում՝ և՛ Սիրիայի, և՛ Իրաքի տարածքներում: Հատկապես Սիրիայում կառույցի համար առանցքային նշանակություն ունեցող Հալեպ նահանգից հեռանալը, նաև այդ երկրում ԻՊ-ի փաստացի կենտրոնը հանդիսացող ալ-Ռակկա քաղաքի մոտալուտ զիջումը, իսկ Իրաքում Մոսուլի կորուստը, կառույցի ղեկավար շրջանակի որոշ ներկայացուցիչների և պատկառելի թվով առանցքային գրոհայինների վնասազերծումը պատճառ դարձան ոչ միայն դասալքության առավել մեծ ալիքի, այլև պառակտման գործընթացի:

Այսպես, ըստ իրաքյան մի շարք լրատվամիջոցների, այդ երկրի Նայնավա նահանգում գտնվող Թալ Աֆար քաղաքում, որը վերահսկող ԻՊ-ի զինյալները օրեր առաջ ընդունել էին կառույցի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվան փաստը, նախօրեին էլ հայտարարել են հիմնական կառույցից առանձնանալու և նոր ինքնուրույն «Իսլամական պետություն» հռչակելու մասին. նոր կառույցի առաջնորդի մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվում, մինդեռ հայտնի է, որ նա ամենադաժան եղանակներով փորձում է իր վերահսկողությունը հաստատել ամբողջ քաղաքի վրա:

Թեպետ վերոնշյալը լոկալ օրինակ է, այսուհանդերձ, մեծ հավանականությամբ, գործընթացը շարունակություն կունենա նաև շղթայական ռեակցիայի տրամաբանությամբ, ինչպես և համատարած դասալքության իրողությունը. օտարերկրացի «ջիհադականներից» բացի՝ ներկայումս կառույցն ակտիվորեն լքում են նաև բռնի կերպով հավաքագրված զինյալները, ովքեր ԻՊ-ի շարքերը համալրել էին սեփական անձի և ընտանիքների հետ կապված մտավախությունների պատճառով:

Կասկածից վեր է, որ արդեն ուրվագծվող միտումները «մերօրյա խալիֆայության անկման» հետագա ընթացքին առվել լայն թափ կստանան: Մինչդեռ առկա է մի շատ կարևոր իրողություն, որը, կարծես, ցայժմ արժանիորեն չի գիտակցվում. ԻՊ-ի դեմ դեռևս տոնվում է բացառապես ռազմական բնույթի հաղթանակ, թեպետ կառույցի ծայրահեղ արմատական գաղափարախոսությունը շարունակում է մնալ ազատագրված շրջաններում: Որևէ կասկած չկա, որ ազատագրող ուժերի կողմից անհրաժեշտ գաղափարական աշխատանքներ չիրականացնելու, առկա ծայրահեղականին հակոտնյա գաղափարական վաակումը չլցնելու պարագայում վերոնշյալ գաղափարները նոր փաթեթավորմամբ միս ու արյուն կարող են ստանալ ինչպես նախկին կառույցների բեկորների, այնպես էլ բոլորովին նոր այդօրինակ խմբավորումների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել