Քաղաքական զարգացումները ճշգրիտ ու սթափ մեկնաբանելն ամեն մարդու հասանելի չէ: Բնական է, ինչպես ցանկացած ոլորտ, այս ոլորտը նույնպես խորը ինֆորմացվածություն է ակնկալում: Ասեմ ավելին՝ քաղաքական ոլորտը հատկապես խորը ինֆորմացվածություն և համակարգային գիտելիքներ է ակնկալում, քանզի քաղաքական զարգացումներից են հիմնականում պրոյեկտվում մարդկային գործունեության այլ ոլորտները:
Ինչևէ, մենք ապրում ենք տեղեկատվության ազատության դարաշրջանում, երբ յուրաքանյուր ոք իր հերթին կարող է տեղեկավություն սփռող հանդիսանալ: Այսօր բազմաթիվ ֆեյսբուքյան օգտատերեր հուզական ու ռադիկալ արձագանքներ տարածեցին` իմանալով, որ Սերժ Սարգսյանի հրամանով Դանիայում դեսպան է նշանակվել Ալեքսանդր Արզումանյանը: Քաղաքական գործընթացներին մակերեսորեն հետևող մարդու համար, իհարկե, զարմանալի է, թե ինչպես է ընդդիմադիր քաղաքական գործիչը համաձայնվում պաշտոն ստանալ:
Եթե կեղծ բարեպաշտությունը մի կողմ դնենք ու հարցին նայենք ռացիոնալ տեսանկյունից, ապա սա ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է․ եթե մարդն ունի համապատասխան փորձ ու գիտելիքներ, անկախ քաղաքական հայացքներից, կարող է օգտվել հնարավորությունից և օգտակար լինել սեփական պետությանը: Վերջիվերջո, ընդդիմության նպատակը պարզապես հակառակվելը չէ, այլ իր մոտեցումներն ու տեսակետներն առաջարկելը, հնարավորության դեպքում նաև իշխանության գալն ու իրագործելն է:
Նախագահը նման քայլով ընդգծում է, որ կադրային քաղաքականության հարցում չի սահմանափակվում իշխանականներով և կարևորում է առաջին հերթին անհրաժեշտ մասնագիտական որակներն ու փորձը: