Երեկ Նայում էի Սաթիկ Սեյրանյանի «Ռ-էվոլյուցիա» հաղորդումը, որի հյուրն էր ՄԱԿ նախագահ, Երևանի ընտրություններում ԲՀԿ ցուցակի 2-րդ համար, ԱԺ պատգամավոր և վերջապես շատ հարուստ Գուրգեն Արսենյանը: Այն, որ Գուրգեն Արսենյանը քաղաքականությունից բան հասկանում է, դա հստակ է, սակայն զավեշտալին այն էր, որ նա չէր կարողանում հստակ, քաղաքականապես արդարացված, տրամաբանական ու ադեկվատ պատասխաններ տալ Սաթիկի հարցերին: Տպավորությունն այնպիսին էր, որ Արսենյանը նոր-նոր մտել է քաղաքականություն ու ինքնահաստատման փորձեր է անում, իսկ հեռուստադիտողներն էլ ամենայն հավանականության Մոզամբիկի Դուքյան գյուղից են ու ընդհանրապես խաբար չեն հայաստանյան քաղաքական դաշտի անցուդարձից: Չկենտրոնանալով բոլոր պատասխանների վրա՝ անդրադառնամ միայն մի հարցի: Սաթիկը հարցնում է` ինչու՞ ԲՀԿ-ն չմասնակցեց նախագահական ընտրություններին:
Երկրորդ մեծության քաղաքական ուժը, որը, քաղաքական տրամաբանությունից ելնելով, պարզապես իրավունք չուներ չունենալ դիրքորոշում և մասնակցություն երկրի թիվ 1 քաղաքական ամենակարևոր գործընթացին, իրավունք չուներ թողել իր կես միլիոնանոց ընտրազանգվածին, իր ներկայացուցչի բերանով ևս մեկ անգամ հայտարարեց, թե մասնակցեր, որ ի՞նչ աներ, հո ժողովրդին բախման չէի՞ն տանելու:
Ողջ ԲՀԿ-ին հարց եմ տալիս, կարծում եմ՝ այդ հարցը նաև շատերին է հուզում: Ի՞նչ բախման մասին է խոսքը, կամ դուք հո գուշակ չե՞ք, որ կանխատեսում էիք բախում: Իսկ 2008թ.-ին, երբ իսկապես կար իրական բախում, ի՞նչ էիք այդ ժամանակ անում դուք՝ ժողովրդի և իշխանությունների բախումը կանխելու համար: Ոչինչ էլ չարեցիք, ավելին՝ մամուլը մշտապես գրում էր, որ Ծառուկյանի սափրագլուխները անմիջական մասնակցություն են ունեցել Մարտի մեկի սպանդին:
Եվ վերջապես, ձեր բերած արգումենտի տրամաբանությունից ելնելով պետք է ոչ մի ընտրություն չկազմակերպել և ոչ մի ընտրության չմասնակցել, քանզի նույնիսկ ԺԵԿ-ի պետի պաշտոնի համար մղվող պայքարն էլ կարող է հղի լինել պոտենցիալ բախումով: Մի խոսքով, անհեթեթ պատճառաբանություն, որը ոչ մի քաղաքական քննության չի դիմանում: Էլ պետք չէ խոսել նաև այն մասին, որ Սերժ Սարգսյանին ԲՀԿ-ական քաղաքապետերը դիմավորում էին հավուր պատշաճի, տեղ-տեղ կարմիր գորգով: Այս ամենը հասարակությունն իր աչքով տեսավ:
Մի նուրբ դետալ ևս` ԲՀԿ-ն ի՞նչն է պատրաստվում «Սկսել Երևանից» և ի՞նչն է պատրաստվում «փոխել»: Բա էս 4 տարի Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամներն ինչո՞վ էին զբաղված, երբ hերթով, կարգով, շարքով քվեարկում էին ՀՀԿ-ի նախագծերին: Չէ՞ որ երևանցին այս ամենը տեսել է, չէ՞ որ մենք իսկապես Մոզամբիկում չենք ապրում: Գուրգեն Արսենյանը ճիշտ կաներ՝ յուրայիններին մի երկու հարց տար էս թեմայով և PR շտաբին էլ մի քանի խորհուրդ տար` փոխելու ռազմավարությունը, քանզի հեչ սիրուն չի, երբ մի ապաքաղաքական կուսակցություն մի ողջ հասարակության անընդհատ փորձում է մատների վրա ֆռցնել: Ժողովուրդը ոչ անգրագետ ա ու ոչ էլ հիմար: Ու մի բան էլ` ժողովուրդը կարող է մեկ անգամ սխալվել, բայց ոչ երբեք երկրորդ անգամ…



