Այսօր՝ հունիսի 28-ին, պայթյուն և ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կա զոհ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզի քրեական ոստիկանները՝ վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Նշված սեփական տանը քրեական ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել են նույն տան բնակիչ, 51-ամյա Վազգեն Ա.-ի դին։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Նարեկ Գարեգինյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը նռնակը պայթեցնելու միջոցով վերջ է տվել իր կյանքին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել