«Վիվասել» ընկերությունից հայտնում են, որ ընկերությունը կարմիր գծերի հետ կապված գումարների թանկացման հետ որևէ կապ չունի: Հիշեցնենք, որ ավտոկայանատեղերի համար նախատեսված գումարները թանկացել են 248 դրամով, որից, սակայն, 124 դրամը միջնորդավճար է՝ ըստ քաղաքապետարանի։ Մնացած գումարը, թե որտեղից ու ինչ մեթոդով է թանկացել, մեզ մնում է միայն եզրակացնել։ Նախ՝ թանկացնելն արդեն սովորական երևույթ է դարձել մեր երկրում, երբ, օրինակ, պետական կամ մասնավոր սեկտորի ինչ-որ կամայական որոշման հիման վրա տվյալ ապրանքը կամ գերատեսչության ծառայությունը կարող է թանկանալ ինչ-որ գումարով, որը, իհարկե, պետք է գանձվի հանրությունից։ Եվ հանրությունն էլ, կամա թե ակամա, պետք է լծվի այդ գումարները մուծելուն, այլ տարբերակ, կարծես թե, չկա էլ։ Սակայն մի՞թե Հայաստանի քաղաքացին այդքան ընկել է տվյալ «մեծապատիվ պարոնների» աչքում, որ գոնե ասեն՝ ով է այդպիսի որոշում կայացրել, ինչի համար ու ինչ պայմաններում։ Փաստացի, այսօր ունենք մի իրավիճակ, երբ ընդամենը մեկ օրվա ընթացքում օրական 100 դրամի փոխարեն քաղաքացին մուծելու է գրեթե երկու անգամ ավելի շատ գումար, իսկ ամսվա կտրվածքով մուծելու պարագայում, բնականաբար, ավելի շատ։ Սոցիալական այսպիսի պայմաններում, երբ Հայաստանի տնտեսությունն օրհասական վիճակում է, այսպիսի բան թույլ տալն անթույլատրելի է։ Պետք է անհապաղ քաղաքապետարանը զբաղվի այս հարցով, քանի որ «Վիվասել» ընկերությունը, ով և SMS-ների շահառուն էր, հայտարարել է, որ կապ չունի այս ամենի հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: