Ադրբեջանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ «Մուսաֆաթ»-ի առաջնորդ Արիֆ Հաջիլինի իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հեգնել է Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանին։
«Ղարաբաղի օկուպացիան ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի և մարդկության, այդ թվում նաև՝ Թուրքիայի Հանրապետության խնդիրն է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անտեսում է միջազգային կառույցների կարծիքը և նույնիսկ ձերբակալում Amnesty International-ի ներկայացուցիչներին։ Այդ դեպքում ինչո՞ւ նա չի հրամայում թուրքական բանակին, որ բռնազավթումից ազատագրի Լեռնային Ղարաբաղը։ Ինչի՞ց և ումի՞ց է նա վախենում»,- գրել է Հաջիլին։
Հաջիլին իր այս գրառումով ոչ թե անդրադարձել է Արցախին, քանի որ այդ հարցը նրա համար այս պահին արժեք չի էլ ներկայացնում, այլ անդրադարձել է Էրդողանի ներքին քաղաքականությանը, որն ուղղակի ֆաշիզմ է հիշեցնում։ Հաջիլին նախ Էրդողանին հիշեցրել է, որ Թուրքիան հանրապետություն է, և հատուկ է գրառման մեջ նշել Թուրքական Հանրապետություն անվանումը՝ հասկացնելով Էրդողանին,որ վերջինս փորձում է Թուրքիան վերածել սուլթանության։ Ինչպես նաև հեգնել է Էրդողանին, որն իրեն միջազգային ասպարեզում ներկայացնում է մահմեդականների օմբուդսմեն, իսկ ներքաղաքական խնդիրների լուծման համար էլ կարող է ձերբակալել իրավապաշտպանական կազմակերպության անդամներին։
Հաջիլիի այս գրառումը պատահական չի տեղադրվել հենց այսօր։ Հիշեցնեմ, որ այսօր Ստամբուլում երկրի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն անցկացրել է մեծ հանրահավաք, որին, ըստ թուրքական Huriyyet-ի, մասնակցել է 1,6 միլիոն մարդ։ Ընդդիմադիր կուսակցության կողմնակիցները մի շարք պահանջներ են ներկայացրել Էրդողանի ֆաշիստական վարչակարգին, որ անցյալ տարվա անհաջող պետական հեղաշրջումից հետո չի վերացրել արտակարգ իրավիճակը և գյուլենիստների,իսլամիստների և քրդական ահաբեկիչների դեմ պայքարելու քողի տակ ուղղակիորեն վերացրել է գրեթե բոլոր ազատությունները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել