«...Մեր պատմաբանները, կոմունիստ և ոչ կոմունիստ քաղաքական գործիչները հայ ժողովրդին անընդհատ ներշնչել են, որ նա առանց Ռուսաստանի ապրել չի կարող, որ Ռուսաստանը հայերի փրկիչն է ու նման բաներ։ Այսինքն՝ անընդհատ մեզ ներշնչել են, որ առանց երրորդ ուժի գոյություն ունենալ չենք կարող, պետք է լիովին ապավինենք այդ երրորդ ուժին։ Սա խորացրեց 600 տարի, գուցե 900 տարի (Անիի անկումից հաշված) առանց պետականության մնացած հայերի ձեռք բերած ստրկամտությունը։ Այնքան խորացրեց, որ հայերի ինքնառուսացումը սարսափելի չափերի հասավ. Հայաստանի մտավորականության մեծ մասն այսօր ռուսագիր և ռուսախոս է, տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ, Հայաստանում ապրելով, ռուսերեն են խոսում, Հայաստանում ռուսական դպրոց հաճախող հայ երեխաների թիվը մոտենում է 100 հազարի։ Հայաստանի ներքին գործավարության 90 տոկոսից ավելին ռուսերեն է։ Էլ չեմ խոսում Հյուսիսային Կովկասի, Ռոստովի և Ռուսաստանի այլ վայրերի հայերի մասին, որոնք չքվեցին աշխարհից առանց եղեռնի, ինքնառուսացմամբ։ Այսօր, Հայաստանը զգալիորեն ռուսացել է և շարժվում է դեպի լիակատար ռուսացում։ Այսպես որ գնանք, կվերանանք։ Ահա երրորդ ուժին ապավինելու մի այլ արդյունքը։
Երրորդ ուժին ապավինելու գաղափարը և միտումը ջլատում են հայ ժողովրդի ներքին ուժերը, դարձնում նրան ստրկահաճ, մեռցնում նրա դիմադրողականությունը, սպանում գոյատևելու կամքը»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: