Ամենաանընդունելի ու, կարծում եմ, նաև ծիծաղելի իրավիճակներից մեկն այն է, երբ այս կամ այն թեմայի վերաբերյալ մամուլի ասուլիս են հրավիրում բացառապես հարևանների կամ ընտանիքի անդամների շրջապատում հայտնի դեմքերն ու քննարկում համապետական հարցեր։ Ճիշտ է, լրիվ այլ տրագիկոմեդիայից է այն, թե ինչ կոնտեքստում է գնում քննարկումը, և բանախոսն ինչ մակարդակի զրույց է տանում։
Կառավարության ծրագրի վերաբերյալ լրագրողների հետ զրույց է ունեցել հրապարակախոս Կարինե Հակոբյանը, ում գնահատմամբ՝ ՀՀ կառավարության գործունեության ծրագիրն «օդից կախված» ծրագիր է և նախորդ բոլոր ծրագրերից ոչնչով չի տարբերվում: Թե ով է հրապարակախոս Կարինե Հակոբյանը, թերևս ՀՀ ընտրողների ռեգիստրում փորձենք ճշտել։ Ինչևէ, ՀՀ-ում գոյություն ունի խոսքի ազատություն, և բոլորն էլ իրավունք ունեն կարծիք հայտնելու այս կամ այն թեմայի վերաբերյալ։ Ինձ՝ հասարակ քաղաքացուս էլ խիստ մտատանջում է, թե երկրիս առաջիկա 5 տարիների ծրագիրն ինչ ռիսկեր է իր մեջ պարունակում, ուստի ցանկալի է լսել նաև առողջ քննադատական կարծիքներ։ Բայց ներողություն, կարելի՞ է իմանալ գոնե, թե ով է Կարինե Հակոբյանը։ Արդյոք արդարացված է նրան ներքաշել կառավարության ծրագրի քննարկման մեջ։
Այլ կերպ ասած՝ ցանկալի է նախ հասկանալ՝ ում ենք խոսափող տալիս ու ինչ թեմայի շուրջ ենք կարծիք հարցնում։ Հիմա ընկերս էլ բավականին արհեստավարժ փալանչի է, կարո՞ղ ենք իրեն էլ հարցնել կառավարության ծրագրի մասին, թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ։