Երեկ տեղեկանում ենք, որ Երկիր Ծիրանի կուսակցությունը Երևանի ավագանու խմբակցության երկու անդամի՝ Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի նկատմամբ անվստահություն է հայտնել և նրանց առաջարկել դադարեցնել ավագանու անդամի լիազորությունները։
Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ որոշման համաձայն՝ անվստահության հիմք է ընդունվել Պետրոսյանի և Պարակշիևի կողմից կուսակցության գաղափարախոսությանը, ծրագրերին և սկզբունքներին դավաճանելը, ինչպես նաև երևանցու գերակա շահը անձնական շահերին ստորադասելու փաստը:
Հայտարարության մեջ, սակայն, չի նշվում, թե ինչ է նշանակում «երևանցու գերակա շահը անձնական շահերին ստորադասել» և ինչ հակասություններ է մասնավորապես եղել կուսակցության ծրագրերի և վերջիններիս իրականացրած գործունեության միջև։ Սա չափազանց կարևոր նրբություն է, քանի որ այս կերպ փաստացի Փոստանջյանն ու իր թիմը անկեղծ չեն նախ և առաջ իրենց ընտրողների առջև։ Հեռացվածներից թե՛ մեկը, և թե՛ մյուսը արժանացել էր ընտրող քաղաքացիների X հատվածի հավանությանը, ովքեր սակայն այս պահին անհայտ պատճառներով, կրկնում եմ, անհայտ պատճառներով չեն ներկայացնում տվյալ ընտրողների շահերը Երևանի քաղաքապետարանում։ Այդ քաղաքացիներին, կարծում եմ կհետաքրքրեր իմանալ նաև, թե կուսակցության ծրագրի որ կետերն են խախտել իրենց ընտրած թեկանծուները։
Հ․Գ Այս տեմպերով Փոստանջյանի կուսակցությունը թվաքանակով նմանվում է ծնողկոմիտեի։ Հիմա երևում է, թե Ժառանգության ճակատագրում որքան էր Զարուհու ավանդը։