Հայաստանի ներքաղաքական գունապնակը վերջին շրջանում որոշակիորեն փոփոխության է ենթարկվել։ Քաղաքական դաշտում այս պահին ընթանում է համեմատաբար բովանդակային դիսկուրս ընդդիմության ու իշխանության միջև։
Խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն շատ կառույցներ հայտնվել են պատային իրավիճակում։ Չկա օրակարգ, իսկ հաշվարկները սխալ էին դուրս եկել։ Ակտուալ է դարձել կրկին «քաղաքական զբաղվածության» խնդիրը։

Այսօր մի քանի քաղաքական ուժեր, ի պաշտպանություն Անդրիաս Ղուկասյանի, հանդես են եկել հայտարարությամբ, որով նաև պահանջում են միջազգային հանրությունից ու կառույցներից գործնական և սպառիչ քայլեր ձեռնարկել՝ «Հայաստանում իրականացվող մարդաորսը և քաղաքական գործիչների նկատմամբ օր-օրի սաստկացող բիրտ հալածանքները սանձելու ուղղությամբ»։

Երբ նայում ես հայտարարության տակ ստորագրած կառույցներին, առաջանում են մի շարք հարցեր։ Նշենք, որ հայտարարության տակ ստորագրել են «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր նախկին զինակից Զարուհի Փոստանջյանը։ Թե՛ Զարուհին, և թե՛ Րաֆֆին ամբողջ քարոզարշավի ժամանակ չհիշեցին ո՛չ Անդրիասի, ո՛չ միջազգային հանրության և ո՛չ էլ բիրտ հալածանքները սանձահարելու մասին։ Նրանք այդ ժամանակ լուծում էին իրենց մանդատների խնդիրը։

Հիմա պատկերը փոխվել է։ Հիմա փոխվել են նաև պահանջներն ու ամբիցիաները։ Այսօր, երբ այս երկու գործիչներն աղքատ են օրակարգից ու փաստացի հասկացել են, որ ծովի մակարդակից ավելի ցածր ռեյթինգ ունեն, հիշել են Անդրիասի ու բիրտ հալածանքների սանձահարելու խնդիրների մասին։ Հարգելի տիկնայք ու պարոնայք, իսկ որտեղ էիք ամբողջ գարուն, երբ այս խնդիրը բարձրաձայնելու ավելի լավ խոսափող ունեիք քարոզարշավների ընթացքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել