Չնայած Անկարայի ու Բրյուսելի պայմանավորվածություններին՝ Թուրքիայի նախագահը շարունակում է Եվրոպայի իսլամիզացիան` այն հեղեղելով թուրքերով և մահմեդական այլ երկրների բնակիչներով։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Մոշե Յաալոնը։
Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ԵՄ-ում բնակվող թուրքերին հինգական երեխա ունենալ:
«Ունեցեք ոչ թե երեք, այլ հինգ երեխա: Տեղն, ուր դուք ապրում եք, այժմ ձեր հայրենիքն է: Բացեք բիզնեսներ, երեխաներին լավագույն դպրոցներ ուղարկեք, քշեք լավագույն մեքենաներ, ապրեք լավագույն տներում ու հինգական երեխա ունեցեք, որովհետև դուք Եվրոպայի ապագան եք»,- նշել է նա:
Էրդողանն, ի դեմս տեղի ԵՄ-ի թուրքական համայնքների, տեսնում է, այսպես կոչված, ազդեցության գործակալների, ինչը չի կարող դուր գալ տեղի կառավարություններին։ Էրդողանի նեոօսմանականությունն ու պանթուրքիզմի, պանիսլամիզմի սինթեզ հանդիսացող արտաքին քաղաքական ուղենիշն առաջացնում է Բրյուսելի անհանգստությունը։ Եվրոպայում վերջին տարիներին մահմեդական երկրներից միլիոնավոր փախստականներ են ժամանել ու սկսել փոխել Եվրոպայի քաղաքների կրոնական, էթնիկ, ժողովրդագրական դեմքն, ու այդ պատճառով ԵՄ-ում այս պահին մեծ են իսլամաֆոբիայի ալիքն ու վախերը. ահաբեկչությունների շարքը Բելգիայում, Ֆրանսիայում և այլ պետություններում միայն «յուղ են լցնում» այդ վախերի վրա։
ԵՄ-ում խորը ժողովրդագրական ճգնաժամ է. եվրոպական ազգերը դասվել են ծերացող` վերացող ազգերի շարքին։ Շատ փորձագետներ հարյուր տարի անց ԵՄ տեսնում են մահմեդական գետոների տեսքով` Մահրիբի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի միլիոնավոր փախստականների հոսքը ԵՄ շատ երկրներում ազգային կազմի փոփոխություն է առաջացնելու` հօգուտ արաբական, աֆրիկյան, իսլամական տարրի։
Էրդողանը ցանկանում է տեղի թուրքական համայնքներն օգտագործել որպես soft power` ԵՄ տարբեր երկրների կառավարությունների վրա ազդելու, ինչպես նաև ապագայում «թուրքական աշխարհը»` պանթուրքիզմի ռազմավարության շրջանակներում տարածելով Բալկաններով դեպի Արևմտյան և Կենտրոնական Եվրոպա։