Ստորագրությամբ ազատ է արձակվել Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին՝ Ռազմիկ Դանիելյանը։ Նա մի քանի օր առաջ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի արդյունքում ձերբակալվել էր, քանի որ վրաերթի էր ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ, 44-ամյա Վալերի Թորոսյանին։ Վերջինս ստացած վնասվածքներից մահացել էր։ Եվ այսպես՝ ֆիքսենք, թե ինչ ունենք։ Դեպքը տեղի է ունեցել 16-ամյա տղայի հետ, ով դեռ չունի վարորդական իրավունք, ու դա քիչ չէ, մեքենան պատկանել է Հրազդանի քաղաքապետարանին ու գրանցված եղել քաղաքապետի վրա։ Այսինքն՝ եղել է ծառայողական։ Սա այն դեպքն է, երբ ասում են, որ փաստերն ավելի խոսուն են, քան պիտի լինեին։ Պարզ է, որ այս պարագայում տրամաբանորեն պատժի պիտի ենթարկվի ոչ միայն այդ տղան, այլև հայրը, որի կա՛մ իմացությամբ, կա՛մ չիմացությամբ նրա տնօրինության տակ է եղել այդ մեքենան։ Սա նշանակում է, որ արդեն տևական ժամանակ է, ինչ մեքենան գտնվել է երիտասարդի մոտ, քանի որ հնարավոր չէ հենց այնպես գնալ, քաղաքապետարանից մեքենա վերցնել, առանց գրանցման, առանց թույլտվության, ու քշել քաղաքով մեկ։ Դրա համար գոնե պետք է համապատասխան տեղեկանք լինի։ Մի խոսքով՝ շատ վատ դեպք է տեղի ունեցել, բայց մի տեսակ այնպիսի տպավորություն կա, որ այս դեպքում ևս, ցավոք, մեղավորները չեն պատժվի, որովհետև այս պարագայում պետք է պատժվի ոչ միայն քաղաքապետի որդին, այլ նաև քաղաքապետը, ով անհնար է չիմանար իր որդու՝ այդ մեքենայի օգատատեր լինելու մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: