Պատահական չէ, որ շատ ռեստորանների լոգոներ միևնույն գույնն ունեն, կամ որ հիվանդանոցներում բուժքույրերը կրում են կապույտ հագուստ։ Մեզ բոլորիս վրա գույներն ազդեցություն են ունենում, նույնիսկ եթե մենք դա չենք գիտակցում։
Շատ հոգեբաններ համաձայնում են, որ գույներն ազդեցություն են ունենում այն բանի վրա, թե մենք ինչպես կընկալենք այս կամ այն իրավիճակը։ Որոշ հետազոտողներ այն կարծիքին են, որ մեր ծնված օրվանից մեր ուղեղն ասոցացնում է գույները զգացմունքների հետ, մինչդեռ մյուսները պնդում են, որ զգացմունքները գույների հետ ասոցացնելը ձեռքբերովի է։ Օրինակ՝ հոգեբանները, ովքեր ուսումնասիրել են կարմիր գույնը, համաձայնում են, որ մարդկանց մեծ մասն այն կապում է վտանգի հետ։ Կարմիրը վտանգի հետ կապելը կարող է լինել ընդհանուր կանոն, որով մեր ուղեղը շարժվում է, բայց միգուցե դա կոնկրետ դեպքի արդյունք է, օրինակ՝ մեր մայրիկը մեզ զգուշացրել է ձեռք չտալ տաք կարմիր կաթսային, երբ մենք 6 տարեկան էինք։ Այնուամենայնիվ, շատ հոգեբաններ հավատում են, որ մեր ուղեղը գույնը մեկնաբանում է՝ ունենալով իր պատճառները, հետևաբար տարբեր գույներ տարբեր ազդեցություն են ունենում մեզ վրա։
Ահա տասը գույն ու յուրաքանչյուրի ազդեցությունն ուղեղի վրա։
Կարմիր
Արդեն նշվեց, որ մենք կարմիրն ասոցացնում ենք վտանգի հետ, բայց կան նաև այլ զարմանալի փաստեր կարմիրի ազդեցության մասին։ Օրինակ՝ եթե Դուք կին եք, կարմիր կրելը Ձեզ կարող է օգնել, քանի որ կարմիրը կանանց ավելի համակրելի ու գրավիչ է դարձնում։ Մի խոսքով, եթե պատրաստվում եք ժամադրության և ուզում եք ցնցող տեսք ունենալ, աչքի տակ ունեցեք կարմիր շրթներկ կամ կարմիր զգեստ։
Բացի այդ՝ կարմիրն արագ ու ուժեղ արձագանքի երաշխավոր է։ Երբ մարդիկ կարմիր են տեսնում, նրանց արձագանքը դառնում է ավելի հզոր։ Այնուամենայնիվ, կարմիրը կարող է նաև բացասաբար ազդել մեր արձագանքների վրա։ Այն ավելացնում է հուզմունքի չափաբաժինը, այսպիսով՝ մարզիկները, ովքեր մրցում են կարմիր հագուստով հակառակորդի դեմ, հակված են պարտվել, իսկ ուսանողները, քննությունից առաջ կարմիր տեսնելով, ավելի վատ են հանձնում, քան կարող են։
Նարնջագույն
Նարնջագույնը հետաքրքիր գույն է։ Դրա հետ մի գույն չէ, որ ասոցացվում է։ Նախևառաջ, նարնջագույնը մարդիկ կապում են ջերմության հետ։ Եթե սենյակի պատերը նարնջագույն են, մեզ թվում է, թե սենյակի ջերմաստիճանն ավելի բարձր է, քան իրականում է։ Ջերմությունը հանգստացնում է մկանները։
Նարնջագույնը նաև ասոցացվում է լավ արժեքների հետ։
Դեղին
Դեղինն ասոցացվում է երջանկության, ընկերասիրության, անկեղծության հետ։ Գույներն ուսումնասիրող հոգեբաններն այն համարում են ամենաուժեղ գույնը, քանի որ այն ասոցացվում է էմոցիաների, կրեատիվության ու ինքնագնահատականի հետ։ Այս գույնի հետ առնչվող հիմնական զգացմունքը երջանկությունն է։ Ահա ինչու է այն ասոցացվում կոմեդիաների, հույսի ու լավատեսության հետ, և ինչու ենք մենք ավելի ուրախ արևոտ օրերին։
Իսկ միգուցե սա՞ է պատճառը, որ իմոջիները դեղին են... Հըմմմ... Միգուցե։
Կանաչ
Կանաչ գույնը կարելի է հանդիպել անտառներում՝գեղեցիկ բուսականության մեջ, սմարթֆոնների ծրագրերում։ Հոգեբանները պարզել են, որ կանաչը կարող է բարձրացնել ստեղծարարությունը։ Նրանք բացահայտել են նաև, որ կանաչն ասոցացվում է համակողմանի մտածողության ու արժեքավոր մտքերի, ինչպես նաև հանգստության, հանգիստ արարքների հետ։
Երբ մենք մտածում ենք այս գույնի մասին, մեր աչքերի առաջ բնություն ու աճող բուսականություն է գալիս, հետևաբար զարմանալի չէ, որ կանաչը մենք կապում ենք մեր անձնական ու մասնագիտական աճի հետ։ Այսպիսով՝ հետազոտողներն առաջարկում են աշխատանքային սենյակները կանաչ ներկել՝ աշխատողների արդյունավետությունը բարձրացնելու համար։
Բաց կապույտ
Կապույտը կարող է կարմիրի հակառակը համարվել։ Այն երկրորդ ամենաուսումնասիրվող գույնն է կարմիրից հետո։ Բաց կապույտը հանգստություն ու կենտրոնացում է խորհրդանշում։ Պարզվել է նաև, որ բաց կապույտը իջեցնում է արյան ճնշումը, ինչով էլ բացատրվում է այն հանգամանքը, որ մենք մեզ ավելի հանգիստ ենք զգում բուժքույրերի ու բժիշկների կողքին, ովքեր բաց կապույտ հագուստ են կրում։ Սրանով կարող է բացատրվել նաև այն, որ կլինիկաներն ու հիվանդանոցները հաճախ բաց կապույտ պատերով են լինում։
Բաց կապույտը նաև անկեղծության ու խաղաղության գույնն է։ Համոզվելու համար կարող եք Google-ում տալ «peace day»` «խաղաղության օր» որոնումը, քանի որ խաղաղության համաշխարհային սիմվոլը փոքրիկ ճյուղ բռնած սպիտակ աղավնի է՝ բաց կապույտ ֆոնի վրա։
Մուգ կապույտ
Մուգ կապույտը թողնում է բաց կապույտին համարժեք ազդեցություն։ Պարզվել է նաև, որ այն կարող է հանգստացնել նյարդերը։ Բայց մարմնի ու ուղեղի վրա այն ունենում է այլ տարօրինակ ազդեցություններ ևս։ Մուգ կապույտը հարաբերվում է պարզ մտքերի հետ։ Այս հարաբերակցությունն օգտագործել են Ճապոնիայում, որտեղ փողոցներում կապույտ լույսեր են տեղադրվել՝ հույսով, որ դա կկանխի փողոցներում հանցագործություններն ու երկաթուղային կայարաններում ինքնասպանությունների դեպքերը։ Այդ մեթոդը, թվում է, աշխատում է։ Նույն տրամաբանությունն օգտագործվել է նաև Լոնդոնում, որտեղ Բլեքֆրայրս կամուրջը ներկվել է կապույտ՝ ցած նետվող մարդկանց քանակը նվազեցնելու համար։
Կապույտի ու կարմիրի էֆեկտները համեմատելու ու հակադրելու բազմաթիվ փորձեր են արվել, քանի որ նրանք կարծես թե միմյանց դեմ են գործում։ Եթե կարմիրը վատ է ազդում ելույթի, քննության կամ խաղի վրա, ապա կապույտը բարձրացնում է մասնակիցների ստեղծարարությունը։
Մանուշակագույն
Մանուշակագույնը բավականին տարօրինակ գույն է։ Այն կապույտի ու կարմիրի խառնուրդն է, իսկ այդ գույները խիստ հակադրություն են կազմում՝ մարդկանց վրա ազդելու տեսանկյունից։ Զարմանալի է, որ հոգեբաններն այդքան էլ շահագրգռված չեն այս գույնն ուսումնասիրելով։ Մի փորձ պարզել է, որ մանուշակագույն սենյակներն ավելի ցուրտ են թվում, քան կան։
Քանի որ մանուշակագույնի ազդեցության մասին գիտական աշխատանքների պակասություն է նկատվում, կարելի է ընդամենը մի հետաքրքիր փաստ հայտնել. կանայք հաճախ մանուշակագույնը նշում են որպես իրենց ամենասիրելի գույն, իսկ տղամարդիկ՝ հակառակը։
Վարդագույն
Մի ժամանակ այս գույնը համարվում էր երեխա աղջիկների գույն։ Հիմա այն գերիշխում է նույնիսկ տղամարդկանց շորտերում։ Վարդագույնը չափազանց հետաքրքիր է։ Այն անմիջական, ծանրակշիռ ազդեցություն է ունենում մարդկանց վարքագծի վրա։ Գիտնականները պարզել են, որ այդ ազդեցությունը համընկնում է այն երևույթի հետ, որ հոգեբաններն անվանել են «վարդագույն բանտեր»։
1979 թվականին մի հետազոտության ընթացքում գիտնականները բացահայտել են այդ տարօրինակ էֆեկտները, երբ բանտարկյալներին փակեցին վառ վարդագույն ներկված խցերում։ Նրանք անմիջապես հանդարտվեցին, դարձան քիչ ագրեսիվ, մկաններն էլ թուլացան։ Այսօր Շվեյցարիայում բանտարկյալների 20%-ը վարդագույն խցիկում է փակված։ Դրանք նախատեսված են անկարգ բանտարկյալների համար։
Հոգեբանները փորձել են նաև պարզել՝ արդյոք վարդագույնն իր այդ հանգստացնող ազդեցությունը թողնո՞ւմ է երեխաների վրա, թե՞ ոչ։ Կալիֆոռնիայի The San Bernardino Country Probation Department-ը արեց վարդագույն բանտախցիկի փորձը երեխաների վրա։ Արդյունքում նրանք պարզեցին, որ 10 րոպե է պահանջվել, որպեսզի վարդագույն խցիկում փակված երեխաները դադարեն բղավել ու ընդդիմանալ։ Ավելին՝ երեխաների մեծ մասը նույնիսկ քնել է այդ ընթացքում։
Սպիտակ
Զարմանալի չէ, որ սպիտակն ասոցացվում է ագրեսիայի բացակայության հետ։ Այնուամենայնիվ, հավանաբար չգիտեք, որ սպիտակ հագուստով տղամարդիկ ավելի գրավիչ են դառնում կանանց աչքին։ 2010 թվականին իրականացված մի փորձի արդյունքում պարզվել է, որ թեկուզ հասարակ սպիտակ շապիկ կրող տղամարդկանց կանայք շատ ավելի գրավիչ են համարում։ Սա համընկնում է այն դեպքի հետ, երբ կարմիր հագած կանայք էլ տղամարդկանց աչքում են ավելի գրավիչ երևում։ Սպիտակը մենք կապում ենք նաև պարզության ու մաքրության հետ։ Սա է պատճառը, որ հիվանդանոցների առաստաղն ու հատակը սպիտակ են։
Հետազոտողները պարզել են նաև, որ սպիտակն իրականում կարող է ձանձրացնել։ Սպիտակ տարածությունների վրա մարդիկ ուշադրություն չեն դարձնում և ընկնում են մտքերով։
Սև
Սևը յուրաքանչյուր մելամաղձոտ դեռահասի գույնն է։ Սևն իրականում գույնի բացակայություն է։ Փոքր տարիքում մենք վախենում էինք սևից, իսկ մեծահասակները սևն օգտագործում են ավելի նիհար ու նրբակազմ երևալու համար։ Ամեն դեպքում այն հետաքրքիր կերպով ազդում է մեր ուղեղի վրա, ինչը հաճախ մենք չենք էլ գիտակցում։
Սև տարածությունները բարձրացնում են արդյունավետությունը, իսկ սև հագուստը բարձրացնում է կանանց գրավչությունն ու ապահովում նորաոճ լինելը։ Այնուամենայնիվ, սևի ամենահետաքրքիր էֆեկտն այն է, որ այն մեզ ավելի քիչ ագրեսիվ է դարձնում։ Մենք հակված ենք սևը կապելու մահվան ու չարի հետ և այդ պատճառով էլ գիտնականները 1988 թվականին եկան այն եզրակացության, որ սև տեսնելիս մարդիկ ավելի ագրեսիվ են դառնում։