«ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում Իլհամը հանդս է եկել ուշագրավ հայտարարությամբ, որը բացահայտում է, թե ներկայումս Ադրբեջանը որ տերության ազդեցոuթյան դաշտում է առավելապես գտնվում: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ Ադրբեջանին թուրքական ռազմաբազա պետք չէ, քանի որ Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագրում կա կետ, որը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն սպառնալիքի և ագրեսիայի դեպքում: «Դա թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի պարտավորությունն է օգնության հասնել այն դեպքում, եթե այս կամ այն երկիրը բախվի արտաքին սպառնալիքի, արտաքին ագրեսիայի։ Ուստի հռչակագրի այս կետն, ըստ էության, բացարձակապես ավելորդ է դարձնում այս կամ այն տարածքում մշտական ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը»,-հայտարարել է Իլհամն ու գովաբանել թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը:

Թուրքիայից առայժմ արձագանք չի ստացվել, բայց ակնհայտ է, որ Իլհամի հայտարարության մեջ նշմարվում են «ինքնուրույնության» տարրեր, ինչը, իհարկե, հետևանք է առավելապես Ադրբեջանի՝ Հյուսիսից ունեցած վախերի. մի շրջանում, երբ ռուս-թուրքական հարաբերություններն ակնհայտորեն անկման մեջ են գտնվում, իսկ հեռանկարում կարող են վերածվել թշնամականի, Մոսկվան ամեն ինչ անելու է՝ Ադրբեջանին Թուրքիայից կտրելու համար: Մյուս կողմից՝ Թուրքիայի առաջ ամբողջությամբ փարվելը Մոսկվան գնահատելու է որպես ժեստ՝ Արևմուտքին, իսկ Արցախի հարցում Մոսկվայի կատարած քայլերը չեն արվել՝ Ադրբեջանն Արևմուտքի կամ ՆԱՏՕ-ական Թուրքիայի պլացդարմ դարձնելու նպատակով: Կա նաև Ադրբեջանի հետ արդեն մի քանի զորավարժություն արած Իրանի գործոնը, որն Իլհամը չէր կարող հաշվի աչառնել:

Բայց արդյոք Իլհամը կմարսի՞ այս ամենը՝ հաշվի առնելով այն, որ այս կեցվածքը հարվածում է նաև արևմտյան շահերին ու հատկապես հակաիրանական ծրագրեր ունեցողներին. ռուսական ազդեցութան տակ հայտնվող ու այդ երկրի շահերը հաշվի առնող Ադրբեջանը չի ցանկանա դառնալ այն հակաիրանական պլացդարմը, որի դերում արևմտյան շրջանակներն ու Իսրայելը տեսնում են այդ երկիրը, իսկ դա նշանակելու է բարդացող խաղ, որի տակից Իլհամը կարող է և դուրս չգալ հատկապես այն դեպքում, եթե Թուրքիայում ճիշտ հետևություններ անեն համապատասխան հայտարարություններից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել