Յուրաքանչյուր ոք կյանքում գոնե մեկ անգամ գլխացավ է ունեցել, իսկ ոմանց համար դա կարող է լինել մշտական։ Այն կարող է առաջանալ սթրեսից կամ գենետիկորեն պայմանավորված լինել: Կան առաջնային գլխացավեր, որոնք ներառում են միգրենը, լարվածության գլխացավը, կլաստերային գլխացավերը, իսկ երկրորդական գլխացավերն առաջանում են ուղեղի օրգանական վնասվածքի կամ համակարգային հիվանդությունների պատճառով։ Մասնագետները կիսվել են իրենց գաղտնիքներով, որոնք արժե ուշադրություն դարձնել։ Եվ հիշեցրել են, որ ամեն գլխացավ չէ, որ կարելի է բացատրել ապրելակերպով կամ շրջակա միջավայրի գործոններով։
- Գտեք հանգիստ տեղ Հանգիստ միջավայրն առաջին քայլն է տհաճ ախտանիշներից ազատվելու համար, ասում են մասնագետները։ Հաճախ միգրենով տառապողները ասում են, որ ավելի լավ են զգում, երբ գտնվում մութ ու հանգիստ սենյակում։
- Շեղվեք աշխատանքից Եթե ծանր աշխատանքի ժամանակ չես կարողանում պառկել, կարող ես օգտագործել մեկ այլ «հնարք», ասում է Հարվարդի բժշկական դպրոցի պրոֆեսոր Ռամի Բուրշտեյնը։ Պետք է գոնե կարճ ժամանակով ուշադրությունը շեղել աշխատանքից և, օրինակ, մի փոքր քայլել։
- Պարզեք, թե ինչն է առաջացնում գլխացավ Գլխացավի պատճառների բացահայտումը կարող է օգնել ինչպես կանխարգելել, այնպես էլ արագ վերացնել հիվանդությունը: Անհանգստությունը, սթրեսը, հակասական հույզերը, տեսողական հրահրող գործոնները կամ մի քանի բաժակ գինի կարող են հանդես գալ որպես հրահրող գործոններ: Բացի այդ, քնի խանգարումները գլխացավերի հաճախակի պատճառ են հանդիսանում: Եվ կարևոր է ոչ միայն բավականաչափ քնել, այլև հետևողականորեն պահպանել քնի ժամանակացույցը:
- Ջուր խմեք Շատ նյարդաբաններ հայտնում են, որ ջուր են խմում, երբ գլխացավ ունեն: Նյարդաբանության ինստիտուտի (Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ) դոցենտ Քրիստինա Լոպեսն ասել է, որ իր գլխացավերը սովորաբար հուշում են, որ անհրաժեշտ է բարձրացնել ջրի մակարդակը օրգանիզմում։ Կան մի քանի տեսություններ, թե ինչու է դա տեղի ունենում, ասել է Լոպեսը, բայց գիտնականները դեռ վերջնական եզրակացության չեն եկել: Այդուհանդերձ, գլխացավի ժամանակ «կենարար ջրի կումը» ավելորդ չի լինի։
- Փորձեք մի փոքր սուրճ խմել Այս մեթոդը կարող է թվալ անտրամաբանական, բայց որոշ դեպքերում այն իսկապես օգնում է: Կոֆեինը հանգեցնում է արյան անոթների սեղմմանը, ինչը նվազեցնում է արյան հոսքը դեպի ուղեղ և կարող է թեթևացնել ցավը: Այնուամենայնիվ, չափավորությունն այստեղ կարևոր է, քանի որ կոֆեինի կանոնավոր օգտագործումը կարող է հակառակ ազդեցություն ունենալ:
- Օրվա ընթացքում կերեք փոքր չափաբաժիններով սնունդ Ռոբերտ Կանիցկու մեկ այլ խորհուրդ՝ օրվա ընթացքում նախատեսված սնունդը բաժանել հինգից վեց մասի: Դա պայմանավորված է նրանով, որ արյան մեջ շաքարի ցածր քանակությունը կարող է սրել գլխացավերը և միգրենի ախտանիշները, ներառյալ սրտխառնոցը, լույսի և աղմուկի նկատմամբ զգայունության բարձրացումը, հոգնածությունը, մշուշոտ տեսողությունը և այլն:
- Անհրաժեշտության դեպքում ցավազրկող դեղեր ընդունեք Եթե ցավը չափազանց ինտենսիվ է, և վերը նշված խորհուրդները չեն օգնում, դուք կարող եք առանց դեղատոմսի ցավազրկող ընդունել: Եվ հետո դուք պետք է խորհրդակցեք բժշկի հետ, ով անհրաժեշտության դեպքում կօգնի ձեզ ընտրել ճիշտ դեղեր:
- Հիշեք, որ որոշ գործոններ ձեր վերահսկողությունից դուրս են Վերոնշյալ խորհուրդները կարող են հեշտացնել ձեր կյանքը, սակայն կարևոր է նշել, որ գլխացավի ոչ բոլոր պատճառներն են կապված շրջակա միջավայրի կամ ապրելակերպի գործոնների հետ: Երբեմն ցավի նկատելի պատճառ չկա, սակայն ազդում է գենետիկ նախատրամադրվածությունը։ Այս դեպքում կարևոր է լսել ձեր մարմնին և փնտրել ցավը թեթևացնելու անհատական արդյունավետ միջոց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել