Վերսալում երեկ կայացած Պուտին-Մակրոն հանդիպումը, մեղմ ասած, անցել է լարված մթնոլորտում, սակայն փոխարենը կողմերը մի շարք հարցերի շուրջ որոշակի հստակություն են մտցրել։ Երևի թե հենց սա էր անհրաժեշտ թե՛ Ֆրանսիային, թե՛ Ռուսաստանին երկուստեք հարաբերություններում որոշակի փոփոխություններ մտցնելու համար։ Շատ կարևոր է, որ Ֆրանսիան՝ հանձինս նախագահի, լիարժեք գիտակցում է, որ առանց Ռուսաստանի մի շարք ճգնաժամերի հարցում լուծումներ գտնելը բացառվում է։ Ռուսաստանն էլ իր հերթին նախագահ Պուտինի շուրթերով ընդունեց, որ այն սանկցիաները, որոնք սահմանել է Եվրամիությունը, վնասում է համաշխարհային տնտեսությանը։ Այսինքն՝ կա հստակ գիտակցություն, թե կոնկրետ որ հարցերն են խանգարում երկկողմանի հարաբերությունների կարգավորմանը։ Մյուս կողմից՝ ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ի վերաբերյալ դիրքորոշումը, այն է՝ ռազմական ծախսերի շեշտակի նվազում, հնարավորություն է տալիս պայքարելու ահաբեկչության դեմ արդեն նաև Ռուսաստանի հետ սերտ համագործակցության շնորհիվ։ Մակրոնը բավականին պրագմատիկ ու ինքնավստահ նախագահ է երևում։ Հենց Պուտինի մոտ նա խստորեն քննադատեց ռուսական երկու հեռուստաընկերությունների՝ «Russia today»-ին և «Sputnik»-ին։ Մեղադրեց ոչ պրոֆեսիոնալ վարքագծի ու ինֆորմացիոն ստեր տարածելու մեջ։ Դա էր, իմիջիայլոց, այն պատճառը, որի համար Ֆրանսիայի նախընտրական շրջանում Մակրոնը թույլ չի տվել այդ երկու հեռուստաընկերություններին մասնակցել իր նախընտրական կամպանիային։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: