Կառավարության կազմի անփոփոխ մնալուց հայտնի դարձավ մի պարզ ճշմարտություն, որ մամուլում տարածված այն լուրերը, թե ՀՀԿ ներսում լուրջ խնդիրներ կան, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը: Անշուշտ, խոսքը չի գնում կենցաղային անորոշությունների մասին, ինչը առկա է յուրաքանչյուր կուսակցության մեջ, այլ բովանդակային հակասությունները: Մասնավորապես նշվում էին նախագահի ու վարչապետի միջև եղած լուրջ խնդիրները: Հիմա տեսեք, այն, որ Կարեն Կարապետյան - Սերժ Սարգսյան հարաբերությունները հարթ չեն, դա բնական է. ասեմ ավելին` ինչ-որ տեղ նաև լավ է, որովհետև Սարգսյանի հնացած ու միանվագ խոսքի ու ֆոնի փոխարեն եկել է մի մարդ, ով գոնե չի ալարում հանդես գալ հանրության առաջ բաց հրապարակային տեքստերով, երբեմն էլ խիստ քննադատական մոտեցումներով: Գրեթե մի տարի անցել է վարչապետի պաշտոնը ստանձնելու օրվանից, սակայն ասել, թե մեծ արդյունքներ է արձանագրել Կարապետյանը, սխալ կլինի, միգուցե գործի հանդեպ պետական ապարատի աշխատողների վերաբերմունքն է փոխվել:
Կառավարությունը մնում է նույնը, իսկ դա նշանակում է, որ հակասություն չկա: Սերժ Սարգսյանն այն մարդը չէ, որ երկար հանդուրժի իրեն ընդդիմացողին: Հետևաբար ինչ էլ խոսենք, Հայաստանի քաղաքական կյանքը առնվազն մինչև 2018 թվականի փետրվարը լինելու է կանխատեսելի: Հետաքրքիրը դրանից հետո է լինելու, երբ օրերից մի օր իր ապագայի մասին պիղատոսաբար լռող Սարգսյանը, այնուամենայնիվ, ստիպված է լինելու խոսել: Եթե որոշի մնալ, ինչը համարյա թե աներկբա է, ապա ընդդիմությունը վերջապես շանս կստանա վաղուց կորցրած դեմքը հետ բերել, իսկ վարչապետ Կարապետյանի հետ այդ ժամանակ միգուցե իսկապես խնդիրներ սկսվեն, որովհետև վարչապետը հաստատ մի կամ կես տարով Հայաստան չէր գա, իսկ եթե ոչ, ապա 2018-ին մեզ սպասվում է բավականին հետաքրքիր գարուն: