Խորհրդարանական ընտրություններին մասնակցած և պարտված ուժերից ոմանք ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել արձանագրված արդյունքների հետ: Հայկական վերածնունդ կուսակցությունը ապրիլի 2-ից մինչ օրս իր խոսափողներով ցեխ է շպրտում գրեթե բոլորի, այդ թվում նաև` ընդդիմադիր ուժերի վրա: Կուսակցության այդտեսակ գործելաոճից տուժել է իրենց խոսքի բովանդակային մասը: Ինչևէ, Արթուր Բաղադասարյանը երիտասարդների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է պետական աջակցության թեմային:
Ներկաներից մեկը հարց է հնչեցրել, որ այժմ շատ ընտանիքներ հրաժարվում են մեծ թվով երեխաներ ունենալու գաղափարից, քանի որ սոցիալական պայմանները շատ վատ են: Բաղդասարյանն էլ նշել է, թե «կոպիտ ասած՝ պետությունը պետք է փող տա, որ երիտասարդներն ամուսնանան»: Ի՜նչ հեշտ է, փաստորեն, երկիր կառավարելը:
Բաղդասարյանը կարծում է, որ պետությունը պետք է փող տա, որ ամուսնանան: Այնպիսի գյուտեր են անում պետական կառավարման վերաբերյալ, կարծես իրենք մաս չեն եղել իշխանության: Այն ժամանակ խանգարո՞ւմ էր արդյոք ինչ-որ մեկը, որ ծրագիր իրականացնեին ու երիտասարդներին ամուսնության փող տային:
Խնդիրն այն է, որ Բաղդասարյանն ինքն էլ քաջ գիտակցում է, որ դա անհնար է իրագործել, սակայն հանուն մի քանի ծափահարության զբաղվում է պոպուլիզմով: ՀՎԿ անդամները բավականին արհեստավարժ թելադրում են, որ հարկավոր է անվճար դարձնել սա, անվճար դարձնել նա, ամուսնացողին փող տալ, երեխա ունեցողին փող տալ, իսկ թե ինչպես ու ինչ գործիքակազմով, ցավոք, ոչ ոք չգիտի: