Похожее изображениеՆոր ԱԺ-ն իր բովանդակությամբ չի տարբերվում նախորդից։ Համենայն դեպս, այդպիսին էր տպավորությունը, որը ստացվեց առաջին նիստից։ Նախ՝ մի քանի տեխնիկական նկատառում։ Ավելի լավ է օրենքի մեջ փոփոխություն կատարել ու ԱԺ առաջին նիստի նախագահող նշանակել ոչ թե ամենատարեց, այլ ամենաերիտասարդ պատգամավորին, որովհետև իսկապես հոգնեցուցիչ է ու ձանձրալի բերել զառամյալ մարդկանց, նստեցնել ու այդ դժվար գործը հանձնարարել նրանց։ Սա որպես պարզապես դիտարկում։

Ինչ մնում է նիստի բովանդակությանը, հիմնականը նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն էր, ով ընդգծեց, որ Հայաստանի առաջընթացի գլխավոր նախապայմանը ԼՂՀ հարցի կարգավորումն է, ու գործող իշխանությունը չի ցանկանում այդ բեռը թողնել հաջորդ սերունդների վրա ու ամեն ինչ անելու է հարցի համապարփակ լուծումը օր առաջ արագացնելու ու խաղաղության հասնելու համար։ Սա առաջին հայացքից շատ ցինիկ, մյուս կողմից՝ խիստ անհրաժեշտ նկատառում է։ Միգուցե հիմա շատերը հասկանան, որ սրանով Սերժ Սարգսյանը նախապատրաստում է իր իշխանության հարատևումը, սակայն մյուս կողմից սահմանային վերջին լարված իրադարձությունները գալիս են ապացուցելու, որ ԼՂՀ հարցի կարգավորումը մնացել ու մնում է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրեբջանի քաղաքական ամենագլխավորը օրակարգը։ Այս հարցի լուծումը դրված է լինելու հենց երկու կողմերի իշխանությունների վրա։ Ոչ մի ուժ՝ լինի դա Հայաստանում, թե Ադրբեջանում, ի վիճակի չէ ստանձնել այն պատասխանատվությունը, որոնք ստանձնել են կողմերը։ Հետևաբար կարելի է եզրակացնել, որ մոտ ապագայում միգուցե կողմերը վերջապես լծվեն հարցի խաղաղ կարգավորման գործընթացին կամ պարզապես գործընթացին։ Իսկ այդպիսի կարգավորումն, անշուշտ, նաև ռազմական տարր է պարունակում իր մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել