ԵԼՔ-ը, ինչպես և հայտարարել էր, վերցրեց իրեն հասանելիք (թվով 14) մանդատներն ու կներկայանա Երևանի ավագանու նիստերին։ Առայժմ այս մասով հայտարարություն չի արել Զարուհի Փոստանջյանը, ով, ի դեպ, նույն ԵԼՔ-ի վերաբերյալ տարածել էր հայտարարություն, ըստ որի՝ վերջիններիս մեղադրում էր ընտրություններին պարզապես մասնակցելու ու մանդատները վերցնելու դեպքում՝ Տարոն Մարգարյանին ծառայելու մեջ։ Հիմա ստացվում է, որ, եթե Զարուհին վերցնի մանդատները, ինքն իր ասածներին հակառակ բան կանի, քանի որ նույն բանի մեջ մեղադրում էր ԵԼՔ-ին։ Գուցե առաջին հայացքից ընտրողների մոտ առաջանա պարզ տարակուսանք առ այն, թե ընդդիմությունը համաձայնվում է ու գնում, մանդատ վերցնում, մասնակցում նիստերի ու այսպիսով լեգիտիմացնում ընտրությունները, սակայն սա ընդամենը կարճաժամկետ մտահոգություն է, որովհետև երկարաժամկետում պարզ է դառնում, որ պետությունն այլ կերպ զարգանալ չի կարող։ Մեր երկրում իշխանափոխության բոլոր տիպի սցենարներն իրականացվել են՝ էլ հեղափոխություն, էլ տեռոր... Ոչինչ չաշխատեց։ Հետևաբար կառուցողական դիալոգին այլընտրանք չկա, ու սա պիտի հասկանալի լինի նախևառաջ ընդդիմության համար։ Փոստանջյանի զանգվածը հիմնականում «ծռերապաշտ» զանգվածն է, որը պատրաստ է նորից դիմելու նույն քայլերին ու երկրի պրոբլեմների լուծումը տեսնում է տեռորի մեջ։ ԵԼՔ-ն ավելի շատ գեներացնում է ինտելեկտուալ երիտասարդության ընտրազանգվածը, դե իսկ իշխանությունը՝ հանրության ավելի իներտ ու անտեղյակ սեգմենտը։ Առաջինը, բնական է, այսպես, թե այնպես մեծամասնություն է կազմում, հակառակ պարագայում Հանրապետական չէինք ունենա, սակայն դա չի նշանակում, որ հենց այդպես էլ լինելու է։ Ի վերջո, ճիշտ ու հետևողական աշխատանքի դեպքում հնարավոր է արդյունքի հասնել։ ԵԼՔ-ը կարծես թե շարժվում է այդ ուղղությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: