Երևանի ավագանու ընտրություններում քաղաքական ուժերը սովորաբար շրջում են համայնքներում, բարձրաձայնում խնդիրների և հնարավոր լուծումների մասին: Այլ կերպ ասած՝ լինի դա Երևանի, թե մեկ այլ քաղաքի ավագանու ընտրություն, քարոզարշավը տրամաբանորեն անցնում է ընտրողների շրջանակներում:
«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները՝ քաղաքապետի իրենց թեկնածու Զարուհի Փոստանջյանի գխավորությամբ այցելել են Անի քաղաք: Թուրքիայի Կարս նահանգում` Ախուրյան գետի աջ ափին գտնվող քաղաքում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավ կազմակերպելը ինչ-որ անհասկանալի երևույթ է թվում: Դա նույն է, ինչ ներկայումս Ֆրանսիայում ընթացող նախագահական ընտրությունների շրջանակներում վերջիններիս թեկնածուներից Մարին Լե Պենը գա Ազատության հրապարակ և կոչ անի երևանցիներին ընտրել ոչ թե ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնին, այլ իրեն:
Եթե հարցին նայենք Փոստանջյանի տեսանկյունից, ապա դա ոչ միայն ծիծաղելի է, այլ նաև շահավետ չէ: Իհարկե հնարավոր է, որ հանկարծ Անի քաղաքի ավերակներից մեկի տակ ծվարած լինի մեկ երևանցի, ով մեկ շաբաթվա ընթացքում վերադառնա մայրաքաղաք և իր ձայնը տա Փոստանջյանին, սակայն դա միայն տեսականորեն: